Թուրքերը հրետակոծել են Հյուսիսային Իրաքի քուրդ գրոհայինների հենակետերը
Թուրքիայի անվտանգության ուժերը Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանի` Իրաքի հետ սահմանամերձ գոտում ռազմական օպերացիա են իրականացրել «ՔԲԿ» (Քրդական բանվորական կուսակցության) քուրդ զինյալների դեմ: Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի` Չուքուրջա շրջանում զորաշարժ է սկսվել:
Ահաբեկիչներ համարվող Հյուսիսային Իրաքի քուրդ գրոհայինների դեմ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնող անվտանգության ուժերին օժանդակելու նպատակով Թուրքիայի 20-րդ ժանդարմերիական բրիգադը զինված ստորաբաժանում է ուղարկել Իրաքի սահման: Թուրքական զինուժը հրետանային կրակ է բացել Հյուսիսային Իրաքի Զափ և Բալուքան շրջաններում տեղակայված քուրդ զինյալների հենակետերի ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ինչպես ամեն մի երկիր, այնպես էլ Թուրքիան իրավունք ունի ահաբեկչական կազմակերպությունների դեմ ինքնապաշտպանական օպերացիա իրականացնել: