Նա կերգի՞ հայերեն. Սերժ Թանկյանի երկար սպասված մենահամերգը շուտով կկայանա Երևանում
Միայն մեկ համերգով Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օգոստոսի 12-ին մենահամերգով հանդես կգա մեր հայրենակից ռոք երաժիշտ «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը (Serj Tankian): Այսօր համերգին ընդառաջ կազմակերպված ասուլիսում համերգի կազմակերպիչ «Դիիմ Քոմյունիքեյշնզ» (Deem Communications) ընկերության ղեկավար Րաֆֆի Նիզիբլյանն ասաց, որ Սերժի հայաստանյան մենահամերգը կազմակերպելու համար երկար ժամանակ է պահանջվել:
Համերգի ընթացքում Թանկյանին է միանալու նաև Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը: «Դասական երաժշտության համադրումը ռոք երաժշտության հետ շատ հետաքրքիր կլինի», - հավելեց Նիզիբլյանը` ընդգծելով, որ Թանկյանն արդեն իսկ նման գործեր ունի:
Հարցին, թե հնարավո՞ր է երևանյան համերգի ժամանակ Թանկյանը երգի հայերեն, Նիզիբլյանն ասաց, որ նրան առաջարկել են, բայց պատասխան չի տվել:
Հայաստանում Թանկյանը լինելու է ընդամենը մեկ օրով` գալու է համերգային շրջագայությունից և Երևանում մենահամերգով հանդես գալուց հետո կրկին մեկնելու է համերգային շրջագայության:
Համերգի տոմսերը վաճառքի են հանվելու հուլիսի 1-ից: «Դիիմ Քոմյունիքեյշնզ»-ի ղեկավարը վստահեցրեց, որ դրանք հասանելի են լինելու բոլորին, դրանց գինը սկսվելու է 4 հազար դրամից մինչև 45 հազար դրամ: «Այնպես է լինելու, որ նրա բոլոր երկրպագուները ներկա լինեն համերգին», -հավելեց Նիզիբլյանը:
Նշենք, որ համերգի հովանավորն է «Վիվասել-ՄՏՍ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները