«Ի՞նչ լեզվամտածողություն ենք մենք ձևավորելու»
«Մենք շարունակելու ենք մեր նախաձեռնությունները: Հաջորդ շաբաթ, երբ մեկնարկի ԱԺ արտահերթ նստաշրջանը, Ազգային ժողովի դիմաց կրկին բողոքի ակցիաներ ենք կազմակերպելու: Այդ ակցիաների միջոցով մենք ցույց ենք տալիս, որ բացի մեզանից, բազմաթիվ մտավորականներ նույնպես դեմ են այդ օտարալեզու դպրոցների վերաբացմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց առաջիկա նախագծերի մասին խոսելիս ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արա Հարությունյանը:
Նա ասաց, որ իրենք շարունակում են հանդիպել մտավորականների, գիտնականների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, օրինագծին կողմ արտահայտվող պատգամավորների հետ:
«Նախաձեռնել ենք հանդիպումներ պատգամավորների հետ, ունեցել ենք մի շարք ուշագրավ հանդիպումներ, մարամասները չենք ուզում բացահատել: Մենք մեր մահոգություններ ենք փոխանցել հիմնականում այն պատգամավորներին, որոնք կողմ են արտահայտվում այս օրինագծին»,- ասաց նա:
Նախաձեռնող խմբի անդամ, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Նվարդ Մանասյանն անդրադառնալով օտարալեզու դպրոցների բացման վտանագվոր կողմերին, ասաց, որ իրենք տարբեր ուսումնասիրություններ են կատարել, տարբեր երկրների փորձն են ուսումնասիրել ու եկել են այն եզրակացության, որ երբ որևէ պետության լեզվի հիմքերը թուլացվում են, դա գաղութարարների օրենսդրությունն է: Նա օրինակ բերեց Մեծ Բրիտանիային, որը կայսրություն լինելով, Հնդկաստանում ցանկացել է տարածել անգլերենն ու այդ մասին բացահայտ ասել է:
«Մեզ համար լեզվի օրենքում փոփոխությունը համարում ենք լեզվամտածողությանը, ազգային անվտանգությանը լուրջ հարված»,- ընդգծեց նա ու մի հարցադրում արեց` «Ի՞նչ լեզվամտածողություն ենք մենք ձևավորելու»: Ն. Մանասյանն ասաց, որ մինչև օրս չկա մանկավարժների, հոգեբանների ուսումնասիրությունները այս ուղղությամբ, լեզվաբանները որևէ հետազոտություն չեն արել, որ այս նախաձեռնությամբ մեր լեզվի հիքմերը չեն խարխլվի:
«Ցանկանում ենք կոչով դիմել իշխանություններին, որ եթե իսկապես չեն հետապնդում գաղութարարների ծրագրեր Հայաստանում ու այս նախաձեռնությամբ չեն խրախուսում այդ ծրագրերը, մեկընդմիշտ թող հրաժարվեն այդ օրինագծից»,- ասաց նախաձեռնության անդամ Էդգար Առաքելյանը: