Առաջիկայում էապես ընդլայնվելու է Համացանցային էլեկտրոնային գրադարանային ֆոնդը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է կրթական համակարգում ժամանակակից թվային տեխնոլոգիաների և համացանցի հնարավորությունների կիրառմամբ նոր, արդյունավետ գործիքների ներդրմանը միտված քաղաքականություն: Այդ շրջանակում էլ այսօր նախարարությունում տեղի է ունեցել էլեկտրոնային ինտերակտիվ «Այբբենարանի» և Սփյուռքի համար նախատեսված համացանցային էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը, որը հնարավոր է դարձել նախարարության և «Տաթև» գիտակրթական համալիրի համագործակցության արդյունքում:Այս մասին հայտնում են ԿԳՆ պաշտոնական կայքից:
Շնորհակալություն հայտնելով «Տաթև» գիտակրթական համալիրին` աջակցության համար, նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ կայքի /www.dasagirq.am/spyurq, spyurq.dasagirq.am/ շահագործումն ունի կարևոր նշանակություն, քանի որ նախարարությունը բազմիցս բարձրաձայնել է, որ կրթության ոլորտում առկա է նոր տեխնոլոգիաների, էլեկտրոնային դասագրքերի և առցանց կրթության, հեռավար ուսուցման և այլ նորարարական մոտեցումների կիրառման անհրաժեշտություն: «ՀՀ պետական բյուջեն տարիներ շարունակ համապատասխան ծախսային հատված է նախատեսել Սփյուռքի կրթօջախներին դասագրքերով ապահովելու համար: Երկար տարիներ այդ խնդիրը լուծվել է միայն ավանդական եղանակով, այն է` տպագիր տեսքով դասագրքերի առաքում, որն ըստ իս, 21-րդ դարում հնարավորությունների սահմանափակում է: Նման գումարի պարագայում Սփյուռքի բոլոր կրթօջախները միաժամանակ ապահովել դասագրքերով, շատ դժվար է: Էլեկտրոնային դասագրքերի ներմուծումը թույլ կտա սփյուռքահայ երեխաներին սովորել մայրենին և բարելավել հայերենի իմացության գիտելիքները, երեխայի մոտ զարգացնել սերը հայոց լեզվի նկատմամբ, որովհետև դասագրքերը խաղարկային և ինտերակտիվ են լինելու»,-նշել է նախարարը և հավելել, որ կայքում զետեղված առաջին երկու դասագրքերը` «Այբբենարանը» և «Ընթերցարանը», որոնք ստեղծվել են Սփյուռքի կրթօջախների համար, արդեն գործածության մեջ դրված դասագրքերի վերամշակման հիման վրա, առցանց տարբերակով հասանելի կլինեն աշխարհի յուրաքանչյուր կետում և հետաքրքիր կդարձնեն այբուբենի ինքնուրույն և հեռավար ուսուցումը: Ա. Աշոտյանը վստահեցրել է, որ դասագրքերի շտեմարանն աստիճանաբար հարստանալու է` ընդգրկելով նոր գործընկերներ և կատարելագործելով տեխնիկական նորամուծությունները: Նախարարը նաև տեղեկացրել է, որ մոտ ապագայում կներկայացվեն սփյուռքահայ ուսուցիչների առցանց էլեկտրոնային վերապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքները` համապատասխան կրթական մոդուլները, էլեկտրոնային բովանդակությունը և մեթոդիկան:
Զուգահեռաբար Համաշխարհային Բանկի աջակցությամբ մոտակա երեք տարիների ընթացքում ստեղծվելու է նոր կրթական պլատֆորմ, որը, գործող կրթական պորտալին զուգահեռ, հնարավորություն կընձեռի կրթական նոր որակի ծառայություններ մատուցել ոչ միայն ՀՀ ուսուցիչների և աշակերտների, այլ նաև Սփյուռքի համապատասխան շահառուների համար: «Խոստովանեմ, որ վերոնշյալ աշխատանքները երբեմն բարդ է իրականացնել, և հաճախ հարկ է առաջանում այս դաշտում հաղթահարել իներցիոն մտածելակերպ, որովհետև նորամուծությունները միշտ չէ, որ հեշտ են ընկալվում հասարակության կողմից; Ավանդական դասավանդման մեթոդներին և բովանդակությանը զուգահեռ մեր առաքելությունն է` օգտագործել տեխնիկայի առաջընթացի նվաճումները` կրթական որակի բարելավման, կրթական ծառայությունների ծավալի ընդլայնման և կրթության մատչելիության և արդյունավետության բարձրացման համար»,-ընդգծել է Ա. Աշոտյանը:
«Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն Ս. Մկրտչյանը, անդրադառնալով առցանց դասագրքերին, նշել է, որ վերջիններս ունեն մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես, ցանկացած պահի հնարավոր է փոփոխություններ կատարել այդ դասագրքերում, այն դեպքում, երբ տպագիր տարբերակի վերահրատարակում հնարավոր է իրականացնել առնվազն տարին մեկ անգամ; Ըստ Ս. Մկրտչյանի` նախատեսվում է կայքում տեղակայված գրքերի փորձագիտական մոնիտորինգի և օգտագործողների արձագանքների վերլուծության միջոցով ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնել գրադարանի ֆոնդի մշտական խմբագրման և կիրառված մանկավարժական մեթոդական համակարգերի բարելավման գործընթաց: Բացի այդ, գրադարանում կներդրվեն ընթերցողների հետ հետադարձ կապի տարաբնույթ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն օպերատիվ կերպով ուղղել գրքերում տեղ գտած թերություններն ու վրիպակները, այլև ժամանակի ընթացքում կայքը հնարավորինս համապատասխանեցնել ընթերցողների պահանջներին: Ըստ այդմ, կայքն իրենից կներկայացնի էլեկտրոնային գրադարանի, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, Հայաստանի մասին պատմող ֆիլմերի յուրօրինակ մի շտեմարան:
Նախատեսվում է առաջիկայում էապես ընդլայնել գրադարանային ֆոնդը: