Ալիևը գնացել էր ֆորումին մասնակցելու, բայց չմասնակցեց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հետ եռակողմ հանդիպումներից հետո հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, ապա վերադարձել է Ադրբեջան:
Այս փաստն ուշագրավ է նրանով, որ մինչ այդ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, թե Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգ է այցելում Միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով, որի շրջանակներում էլ հանդիպում է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի իր պաշտոնակիցների հետ: Սակայն փաստը մնում է փաստ, որ վերոնշյալ հանդիպումներից հետո Ալիևը շտապ հեռացել է Սանկտ Պետերբուրգից և, ի տարբերություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, անհայտ պատճառներով չի մասնակցել ֆորումին:
Հավելենք նաև, որ մոտ մեկ շաբաթ առաջ` Ստամբուլ կատարած այցի ընթացքում, Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հայկական կողմի հետ հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում: Ավելին, նա բացառել էր մոտ ապագայում նման հանդիպման հնարավորությունը: Փաստորեն, ստացվեց լրիվ հակառակը: