Կալանավորվել է «Հայինկասացիա»-ի գլխավոր հաշվապահը. Նա 1 մլրդ դրամ է յուրացրել
Հատուկ քննչական ծառայությունը կալանավորել է «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանին: Նա մեղադրվում է խարդախությամբ շուրջ 1 մլրդ դրամ յուրացնելու մեջ: Կալանավորվել են նաև գլխավոր հաշվապահի տեղակալը և հաշվապահը:
Ինչպես հայտնեցին ՀՔԾ-ից, նախաքննությամբ պարզվել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանը միաժամանակ հանդիսացել է նաև «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահը:
2003-2009 թվականների ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, շուրջ 1 մլրդ դրամ «Արդշինինվեստիբանկ» ՓԲԸ-ի միջոցով փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվի 121130013067, ապա 247121313065 հաշվարկային հաշիվներին, որտեղից կանխիկացրել և յուրացրել է:
Հափշտակությունը թաքցնելու նպատակով, կատարելով կեղծիքներ` փոխանցված գումարները հաշվապահորեն ձևակերպել է որպես «ԱԱՀ կանխավճարներ», այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների միջոցով (մասնավորապես հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշիվներ) ծախսագրել է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: