ՀՀ Նախագահը ստորագրել է հեռուստաընկերությունների թվայնացման մասին վիճահարույց օրինագիծը
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին ստորագրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ սա այն վիճահարույց օրինագիծն էր, որը բողոքի ալիք էր բարձրացրել պատգամավորական որոշ շրջանակների ու լրագրողական կազմակերպությունների շրջանում: Այս օրենքով, անալոգայինից հեռուստաընկերությունները անցում են կատարելու թվային համակարգին: Ամբողջ հեռուստաոլորտի թվայնացման համար կառավարությունը նախատեսել է 10-12 մլն դրամ։ Որպեսզի թվայնացված հաճախականությունները հեռարձակվեն հեռուստացույցով, անհրաժեշտ կլինի հատուկ սարք՝ մոտավորապես 50-ից 60 դոլար արժողությամբ։
Հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացն սկսելու է հուլիսի 1-ից և ավարտվելու է 2011-ի հունվարի 31-ին։ Բացի այդ, Երևանում գործելու է 18 հեռուստաընկերություն` ներկայիս 22 գործող հեռուստաընկերությունների փոխարեն:
Նկատենք նաև, որ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը և Human Rights Watch-ը հորդորել էին ՀՀ նախագահին չստորագրել նոր ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ու այն վերադարձնել Ազգային ժողով: