ՀԽ-ն առաջարկում է հրաժարվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններից. Այն հակասում է անկախության հռչակագրին
Հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հարցերի հանձնաժողովն այսօր օտարալեզու դպրոցների վերաբերյալ որոշում է կայացրել: ՀԽ պաշտոնական կայքի փոխանցմամբ` հանձնաժողովը գտնում է, որ վերը նշված նախագծում առաջարկվող փոփոխություննրը չեն բխում մեր ազգային և պետական շահերից: Ավելին Կառավարությունը սույն օրինագիծը նախապատրաստելիս չի ղեկավարվել Հայաստանի Անկախության Հռչակագրի կետ 12-րդ կետով: Հանձնաժողովը որոշում է կայացրել, առաջարկել ՀՀ Կառավարությանը` հրաժարվել օրենսդրական այդ նախաձեռնությունից և ետ վերցնել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Հանձնաժողովի որոշումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«ՀՀ Կառավարությունը, ՀՀ Ազգային ժողով նախագիծ է ներկայացրել «Լեզվի մասին» ՀՀ Օրենքում փոփոխություններ կատարելու և «Հանրակրթության մասին» ՀՀ Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի` ՀՀ տարածքում թույլատրվելու են օտար լեզու հանրակրթական ուսումնական հաստատություններ հիմնելը և միջազգային հանրակրթական այլընտրանքային դպրոցների մուտքը:
Հանձնաժողովը նույնպես կարևորում է օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և արդիական ուսման ձևերի կիրառումը մեր կրթական համակարգում:
Հանձնաժողովը գտնում է, որ վերը նշված նախագծում առաջարկվող փոփոխություննրը չեն բխում մեր ազգային և պետական շահերից: Ավելին Կառավարությունը սույն օրինագիծը նախապատրաստելիս չի ղեկավարվել Հայաստանի Անկախության Հռչակագրի կետ 12-րդ կետով, ըստ որի.
«Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության նշակման համար»: Արդյունքում` իր կողմից մշակած օրենսդրական նախաձեռնությունը հակասում է Հայաստանի Անկախության Հռչակագրի կետ 10-ին, ըստ որի.
«ՀՀ ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ»:
Հիմք ընդունելով վերը նշվածը և Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված կարծիքները, Հանձնաժողովը առաջարկում է.
Դիմել Հանրային խորրհրդին և ՀՀ Կառավարությանը վերը նշված խնդրի լուծման համար գտնել այլ ճանապարհներ:
Հանձնաժողովը որոշեց.
1. Առաջարկել ՀՀ Կառավարությանը` հրաժարվել օրենսդրական այդ նախաձեռնությունից և ետ վերցնել «Լեզվի մասին» Օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
2. Առաջարկել Հանրային խորհրդին` դիմել ՀՀ Կառավարությանը` մշակելու և մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման ներկայացնելու ՀՀ հանրային կրթության մակարդակը բարձրացնելու իր մոտեցումները ու ծրագիրը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան