«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կազմակերպած համերգը չի կայանա. «հանդիպեցինք լուրջ խոչընդոտների
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը, վաղը Շառլ Ազնավուրի հրապարակում նախաձեռնում է համերաշխության համերգ` օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ: Սակայն այն չի կայանալու: Իսկ թե որն է պատճառը, լրագրողներին ներկայացրեցին նախաձեռնող խմբի անդամները:
«Մենք շաբաթ երեկոյան նախաձեռնել էինք կազմակերպել բացօթյա համերգ, որին մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել Դավիթ Ամալյանը, Վահան Արծրունին, Արմենոյիդսը, Էդվարդ Զորիկյանը, Վահրամ Թաթիկյանը, ՀՏ Հայկոն, Ռուբեն Հախվերդյանը, Մհեր Մանուկյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Շուշան Պետրոսյանը: Սակայն հանդիպեցինք լուրջ խոչընդոտների, ինչի պատճառով էլ մենք այն հետաձգում ենք: Մի քանի օր առաջ մեր նախաձեռնության կողմից քաղաքապետարան է ներկայացվել համապատասխան դիմում, որպես ի գիտություն, որ մենք շաբաթ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում անցկացելու ենք համերգ: Մեզ ուղղակի ասացին, որ մենք Կենտրոն թաղապետարանի մաքրությամբ զբաղվող բաժնից իրենց թուղթ ներկայացնենք, որ կոմունալ բոլոր խնդիրները այդ բաժինը լուծելու է: Նրանք նախ մեզանից պահանջեցին 50 հազար դրամ:
Մենք այսօր առավոտյան պետք էին գնայինք ու պայմանագիր կնքեինք: Սակայն այսօր առավոտյան թաղապետի տեղակալի հետ հանդիպումից հետո, երբ նա տեղեկացել է միջոցառման բովանդակության մասին, սկսվեցին խոչընդոտները: Այդ բաժնի աշխատակից Հարություն Արոյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, եթե նույնիսկ 500 հազար դրամ էլ տաք, մենք ձեզ չենք տրամադրի այդ փաստաթուղթը, այսինքն` մենք հնարավորություն չենք ունենա այդ «ընդունված է ի գիտություն» փաստաթուղթը քաղաքապետարանից ստանալ»,- ասաց նախաձեռնության անդամ Արա Հարությունյանը:
Նախաձեռնության անդամ, իրավաբան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ ինչպես քաղաքապետարանը, այնպես էլ Կենտրոն թաղապետարանը գործել են ոչ օրենքի սահմաններում: Ըստ նրա, իրականում անհրաժեշտություն չի եղել, որ նման փաստաթուղթ ներկայացվի քաղաքապետարան:
«Չգիտեմ` ինչ պատճառներով, միջոցառումը չեղյալ հայտարարելու քաղաքական որոշում է ընդունվել: Մենք այդ տեղեկությունը կոնկրետ քաղաքապետարանից ենք ստացել»,- ասաց Ա. Հարությունյանը:
«Մենք ժամանակ չունենք, որպեսզի իրավական տեսակետից բողոքարկենք: Ճիշտ է, քաղաքապետարանի, Կենտրոնի թաղապետարանի ընդունած որոշումները անօրինական են, սակայն մենք չենք կազմակերպում այդ միջոցառումը, քանի որ կարող է հենց համերգի ժամանակ ինչ-որ միջամտություն լինի: Բավականին գումար էր հարկավոր, իսկ մենք` որպես նախաձեռնություն, չունենք այդքան ռեսուրսներ, որ կազմակերպենք ու իշխանությունների կամակատարությունների զոհ դառնանք»,- ասաց նախաձեռնության անդամ Էդգար Առաքելյանը: Նա ասաց, որ իրենք ուղղակի չեղյալ են հայտարարում շաբաթ օրվա համերգը, բայց առաջիկայում այն անպայման տեղի կունենա:
Նրանք ցանկացել են կազմակերպել շաբաթ, որպեսզի, ինչպես ասացին նախաձեռնության անդամները, հունիսի 21-ին կամ 22-ին Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ ցույց տան, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները միայնակ չեն, այլ «մենք շատ ենք»: