Մեկնարկել է «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունը
Այսօր մեկնարկել է «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունը: Այս երկու քննություններն անցկացնելու համար հանրապետությունում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որից 21-ը «Հայոց պատմություն» առարկայի համար, իսկ 14-ը «Քիմիա»:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր քննությունների ընթացքին ծանոթանալու համար այցելել էր Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում ձևավորված քննական կենտրոն: Մինչ քննությունը մեկնարկելը ԿԳ նախարարը նախ շրջեց քննասենյակում, իսկ հետո նախարարի և լրագրողների ներկայությամբ բացվեցին քննական թեստերը:
Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում ձևավորված քննական կենտրոնի ղեկավար Նարինե Բայաթյանը նշեց, որ այսօր սույն քննական կենտրոնում քիմիա առարկայից քննություն հանձնելու համար գրանցվել էր շուրջ 199 դիմորդ, սակայն բացակայել է 11-ը: Նա նշեց, որ այս տարի «Քիմիա» առարկայի միասնական քննության բոլոր դիմորդներին տրվել են Մենդելևյան գունավոր աղյուսակ, ինչպես նաև նրանց թույլատրվել է օգտագործել պարզեցված հաշվիչներ:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն նշեց, որ այսօր մեծ խնդիր կա քիմիական կրթության հետ կապված: «Քիմիան տարիներ շարունակ կարևորվել է Մ. Հերացու անվան բժշկական համալսարան ընդունվելու համար, սակայն այսօր քիմիայի բնագավառում, մասնավորապես, էկոլոգիական քիմիայի, դեղագործական քիմիայի բնագավառում որոշակի ճգնաժամ է: Այս մասնագիտություններով տեղերն այնքան էլ պահանջնված չեն, նույնիսկ պետական բուհերում պետական պատվերի տեղերում թափուր տեղեր են մնացել»,-ասաց նա:
Նրա խոսքով, տնտեսության մեջ քիմիական արդյունաբերության զարգացմանը զուգընթաց կաճի նաև քիմիական մասնագիտությունների նկատմամբ պահանջարկը: «Այսօր մենք փորձում ենք խրախուսել քիմիական կրթությունը պետական պատվերի շրջանակներում` ավելի շատ անվճար տեղեր հատկացնելով քիմիական մասնագիտությունների գծով»,- հավելեց նախարարը:
Ա. Աշոտյանը նկատեց, որ քիմիայի հետ կապված խնդիր կան նաև դպրոցական համակարգում. քիմիան այն 2 առարկաներից մեկն էր, որտեղ միջազգային օլիմպիադաներից ոչ մի մեդալ չենք բերել:
«Այս տարի ՀՀ կառավարությունը կտրուկ միջոցներ է ձեռնարկել, որի արդյունքում դպրոցներից մեկում խոշոր կենսաբանական լաբորատորիա է ստեղծվելու, որն իր ծավալով և հագեցվածությամբ գոյություն չունի նույնիսկ ԵՊՀ-ում: Այս լաբորատորիան ստեղծելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 7.5 մլն դրամ: Ինչպես նաև առաջիկայում դպրոցներից մեկը կդառնա քիմիայի առաջատար կենտրոն, նաև քիմիայի օլիմպիադաներին պատրաստվելու համար»,-ասաց նա: