Հարությունյան. Ռուսական դպրոցներն անդառնալիորեն անցել են. ԿԳ նախարարությունը հստակ չի բացատրել հարցի էությունը
«Օտարալեզու դպրոցների վերաբերյալ բանավեճը մի քիչ այնպես չգնաց, որովհետև խոսքը ոչ թե ռուսական դպրոցների վերաբացման մասին է, այլ, որքան գիտեմ ընդամենը երկու դպրոցի մասին է խոսք գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ իր տեսակետը հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Եկեք բոլորս պարզ ասենք, որ այսօր էլ Հայաստանում կան օտարալեզու դպրոցներ, որտեղ սովորում են Հայաստանի քաղաքացիներ ու նրանց երեխաներ»,- ասաց Ա. Հարությունյանը, ավելացնելով, որ այս պարագայում խոսքը վերաբերում է ընդամենը միջազգային երկու խոշոր պրոեկտների: Իր տեղեկությունները վկայակոչելով` Ա. Հարությունյանն ասաց, որ խոսքը վերաբերում է Դիլիջանում ու Ջերմուկում միջազգային դպրոցների բացման ծրագրին:
«Ես կարծում եմ, աղմուկն անտեղի էր, խոսք չի գնում ռուսական դպրոցները բացելու մասին»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ ԿԳՆ կողմից ճիշտ չի բացատրվել, թե ինչի մասին է խոսքը:
«Իրականում, խոսքն այլ բանի մասին է, իսկ հասարակության մեջ ընթանում է մի քննարկում, որը բոլորովին կապ չունի այն ցանկության հետ, որ կա: Եվրոպական որևէ երկիր չկա, որտեղ նման դպրոցներ չլինեն: Չեմ կարծում թե դրանք որևէ սպառնալիք են»,- ասաց Ա. Հարությունյանը` ավելացնելով, որ ռուսական դպրոցներն անդառնալիորեն անցել են ու խոսքն ամենևին դրանց վերաբացման մասին չէ: