Թուրք պաշտոնաթող դիվանագետները դատապարտել են Թուրքիայի արտաքին քաղաքականությունը
Միջերկրական ծովում թուրք-իսրայելական միջադեպից հետո թուրք պաշտոնաթող դիվանագետները (72 հոգի) հանդես են եկել համատեղ գրավոր հայտարարությամբ, որում խստորեն քննադատել են Թուրքիայի վարչապետ Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը: Այս մասին տեղեկանում ենք «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայությունից:
Դիվանագետների գնահատմամբ` Անկարայի ներկայիս արտաքին քաղաքականությունը մեկ օրվա համար է միայն, անհեռատես է ու լի իրարամերժ տարրերով: Մինչդեռ, ըստ նրանց, արտաքին քաղաքականություն ասվածը պետք է երկարաժամկետ լինի, ինչը պահանջում է իմացական պաշար, կանխատեսելու ունակություն և սառնասրտորեն վերլուծելու կարողություն:
«Իրենց անհաշվարկ ու անտակտ գործելակերպի գինը մեր ազգն է վճարելու»,- իրենց հայտարարության մեջ գրել են թուրք դիվանագետները: