Ադրբեջանցի պաշտոնյան իրականությունը խեղաթյուրում է
Ադրբեջանի փախստականների և հարկադրյալ վերաբնակեցվածների հարցերով ղեկավար, փոխվարչապետ Ալի Հասանովը նշել է, որ Ղարաբաղը թմրանյութերի տարանցիկ երկիր է և այնտեղ ահաբեկչական խմբավորումներ են կազմավորվում: Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ազ» լրատվական կայքը:
Տարօրինակն այն է, որ այս մասին խոսում են մի երկրում, որն իսկապես թմրանյութերի տարանցիկ երկիր է հանդիսանում: Որպես օրինակ նշենք, որ վերջերս Բաքվում թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակներում, երկու ոչ կառավարական կազմակերպությունների` Հանուն մարդու իրավունքների և Կանանց իրավունքների պաշտանության կոմիտեի կողմից կոնֆերանս էր կազմակերպվել, որի ընթացքում ՆԳ նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչ Թանրիվերդի Այդինովը հայտարարել է, որ աշխարհում գոյություն ունեցող թմրանյութերի 137 ուղիներից 37-ը անցնում են Ադրբեջանով:
«Թմրանյութերի ապօրինի շրջաառման տարանցիկ ուղիներն Ադրբեջանից սկիզբ առնելով ուղղություն են վերցնում դեպի Եվրոպա և Ռուսաստան»,- ընդգծել է Այդինովը:
Իսկ ինչ վերաբերվում է ահաբեկչական խմբավորումների կազմավորման փաստին, նշենք, որ նախօրեին Ադրբեջանում ավարտվեց 31 ահաբեկիչներից կազմավորված ահաբեկիչների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում էին միջազգային ահաբեկչական ցանցի հետ գործակցելու, այդ թվում՝ Աֆղանստանում, Պակիստանում և մի շարք «թեժ օջախներում» ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: