Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը ստացավ Պոլիտեխնիկի տարվա լավագույն ուսանողը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի հանձնման արարողությունը, ինչպես նաև` նրա ծննդյան օրվան նվիրված հուշ-ցերեկույթ:
Միջոցառմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավորներ, դասախոսներ և ուսանողներ:
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (ԵրՊԻ)` ներկայիս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), իր գոյության 77 տարիների ընթացքում պետությանը տվել է բազմաթիվ ականավոր գիտնականներ և հասարակական, քաղաքական, մշակութային բնագավառի անվանի գործիչներ ու անհատներ: Նրանցից մեկն էլ ՀՀ նախկին վարչապետ, ԵրՊԻ Կիրառական կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի առաջին նախագահ, «Պոլիտեխնիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր անդամ, համալսարանի մեծ բարեկամ և պոլիտեխնիկական բարի ավանդույթների մարմնացումը հանդիսացած երջանկահիշատակ Անդրանիկ Նահապետի Մարգարյանն էր:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ համալսարանը, չմոռանալով իր երախտավորին և արժանվույնս գնահատելով նրա անցած օրինակելի ուղին` 2008 թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ սահմանվել է Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ, որը ամեն տարի հանձնվում է Կիբեռնետիկայի ֆակուլտետի տվյալ տարվա լավագույն ուսանողին:
Նրա խոսքերով, Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հավերժացնող այս կրթաթոշակը սահմանվել է Կիբեռնետիկայի ֆակուլտետի շնորհաշատ ուսանողների խրախուսման և նրանց մասնագիտական մասնագիտական առաջընթացի խթանման համար: Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը կազմում է ամսական 20 հազար դրամ: Այս տարի Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակին է արժանացել Կիբեռնետիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Փարսյանը:
Նրան Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի դիպլոմը հանձնեց Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Գևորգ Փարսյանը նշեց, որ այս կրթաթոշակը շատ պարտավորեցնող պարգև է: «Ես շատ ուրախ եմ ու շատ հպարտ, որ ես եմ արժանացել այս մրցանակին: Այն կնպաստի, որ ես էլ ավելի եռանդով ու ջանասիրությամբ սովորեմ»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ շատ է կարևորում, որ Պոլիտեխնիկը սահմանել է Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ: «Եթե ազգը կարողանում է իր երկրի զարգացման ավանդի մեջ մեծ ներդրում ունեցած մարդկանց հիշատակը հավերժացնել, ապա այդ ազգը ունի ապագա»,- ասաց նա:
Ոստանիկ Մարուխյանը հայտնեց, որ այս տարի Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքի նոր բարեկարգված դահլիճը անվանակոչել են Անդրանիկ Մարգարյանի անվամբ: