Մի՞թե մեր հանրապետությունում ազնիվ, հայերեն իմացող 3 բանասեր չեն գտնում. Հարց Անահիտ Բախշյանից
Գիտելիքների թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) պետք է վերանայի հայոց լեզվի ու գրականության ներկայիս թեստերը կազմողների հարցը: Այսօրվա ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին մանկավարժ Անահիտ Բախշյանը:
Նա իր հիասթափությունն արտահայտեց հայոց լեզվի ու գրականության կազմած թեստերի բովանդակության վերաբերյալ և զարմանք` ինչո՞ւ ԳԹԿ-ն ստեղծված իրավիճակի ու դժգոհությունների համար կրթության նախարարության վրա «հարձակում չի գործում»: Նկատենք, որ ԳԹԿ-ն կրթության նախարարությունից առանձին գործող հիմնարկ է և վերահսկում է քննական գործընթացը:
Հայոց լեզվի և գրականության քննական թեստերի շուրջ բարձրացված աղմուկի մասին խոսելիս, Բախշյանն ասաց, որ դրանք անգրագետ են կազմված և չեն համապատասխանում կրթության մեթոդական չափորոշիչներին:
«Եվ թեստ կազմողներից մեկն էլ վեր է կենում ու բավական վստահ հայտարարում է, որ 30 դիմորդի հետ է պարապում` որևէ մեկը կպատասխանի՞ ինչքան հարկ է վճարում կրկնուսույց Փառանձեմ Մեյթիխանյանը», -հարցադրումով նկատեց Բախշյանը:
Նկատենք, որ Փառանձեմ Մեյթիխանյանը թեստերի հեղինակներից է:
Բախշյանը տարակուսած է. «Մի՞թե մեր հանրապետությունում չեն գտել ազնիվ, հայերեն լավ իմացող 3 բանասեր, որոնք կկարողանային թեստեր գրել այնպես, որ այսքան վեճեր չառաջանային»:
Ի տարբերություն հայոց լեզվի ու գրականության թեստերի, Բախշյանի հետ ասուլիսին եկած Երևանի թիվ 27 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Գագիկ Թորոսյանը գովեց մաթեմատիկայի քննական թեստերը: Այնքան գովեց, որ առաջարկեց հրապարակել մաթեմատիկայի քննական թեստերի հեղինակների անուններն ու պարգևատրել նրանց:
«Այս տարվա մաթեմատիկայի միասնական քննության թեստերն իրենց տրամաբանական կառուցվածքով, բովանդակությամբ, ըստ առաջադրանքների դժվարության, արվեստի գործի էին նմանվում», -համոզմունք հայտնեց Թորոսյանը:
Նախորդող նորություն` Կրթության նախարարների մեջ Աշոտյանն ամենասկզբունքայինն է. Ա. Բախշյանը Աշոտյանի հրաժարականը չի պահանջում