Մեկնարկել են Արցախի Տիգրանակերտ քաղաքի պեղումները
Արդեն մեկնարկել են Արցախի Տիգրանակերտ քաղաքի պեղումները: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգային ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա նշեց, որ պեղումները կանցկացվեն մինչև օգոստոսի 25-ը: Նշենք, որ 70 օր պեղումներ իրականացնելու համար ֆինանսապես աջակցել է ԼՂՀ կառավարությունը:
Նրա խոսքով, այս տարի Արցախի Տիգրանակերտ քաղաքում արշավախումբը պեղումներ է իրականացնելու միջնաբերդում, հյուսիսային պարսպապատն է բացելու, ինչպես նաև աշխատելու են կենտրոնական թաղամասում, Վաղքրիստոնեական դամբարանադաշտում:
Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006-2009թթ. հնագիտական պեղումներ է կատարել նրա տարածքում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:
Համլետ Պետրոսյանը հայտնեց, որ պեղումների արդյունքում մինչ այժմ բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մոտ 100 մետր հատվածը, Ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, իսկ Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին ամբողջությամբ պեղված է:
«Հետախուզական պեղումներ են կատարվել նաև Ամրացված թաղամասի ու Կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում: Հետազոտվել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը»,- ներկայացրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան