Նախաձեռնող խումբը վաղը կշարունակի բողոքի ցույցը. Շարժումը ուղղված չէ որևէ լեզվի դեմ
Վաղը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը շարունակելու է քննարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ անելու մասին օրինագիծը։ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը իրականացնելու է բողոքի ցույց` Կառավարության նիստերի դահլիճի մուտքի դիմաց:
«Վերջին օրերին, Ազգային ժողովում «Լեզվի մասին» օրենքում՝ կառավարության առաջարկած փոփոխություների օրինագծի սպասվելիք քննարկումից առաջ, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե իբր հասարակության ընդվզումը այլալեզու դպրոցների վերաբացման դեմ թյուրըբռնման արդյունք է, ևիրականում խոսքը ընդամենը երկու դպրոցի մասին է, այլ ոչ թե օտարալեզու հանրակրթության անսահմանափակ տարածման:
Այս կապակցությամբ ցանկանում ենք արձանագրել հետևյալը։
ա. Սկսած ս.թ. ապրիլի 20-ից, երբ կառավարությունը Ազգային ժողով ներկայացրեց իր տխրահռչակ օրինագծերը, իշխանությունները օր օրի «մեղմացնում են» իրենց դիրքորոշումը, փորձելով «կառուցողական» և«երկխոսությանը» պարտրաստ երևալ։ Հիշեցնենք, որ օրինագծի սկզբնական տարբերակում առհասարակ ոչ մի սահմանափակում նախատեսված չէր։ Հետո սկսեցին խոսել դպրոցների թվի 2%-ի, ապա՝ 1%-ի մասին, հետո՝ 15 դպրոցի, ապա՝ 9-ի, և ահա, վերջապես՝ երկուսի մասին։
բ. Մյուս կողմից անհրաժեշտ է շեշտել, որ քննարկման առարկա դարձնելով նախատեսվող այլալեզու դպրոցների քանակը իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը՝ այս կարևորագույն խնդիրը որպես քանակական վեճ ներկայացնելով։ Մինչդեռ առկա է ոչ թե քանակական, այլ որակական, այսինքն՝ սկզբունքային խնդիր, քանի որ այլալեզու նույնիսկ մեկ դպրոցի կամ մեկ դասարանի բացման համար անհրաժեշտ է փոխել «Լեզվի մասին» օրենքը, որն արտահայտությունն է ՀՀ Սահմանադրության 12 հոդվածի, ինչպես նաև՝ Անկախության հռչակագրի 10-րդ հոդվածի, ըստ որի «Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ»։ Իսկ դա նշանակում է, որ «Լեզվի մասին» օրենքի նախատեսվող փոփոխությունը հարվածում է մեր երկրի պետական անկախությանը։
գ. Եվ վերջապես, մենք ցանկանում ենք շեշտել, որ մեր շարժումը ուղղված չէ որևէ լեզվի, մշակույթի կամ ազգի դեմ, այլ հանուն նրա, որպեսզի Հայաստանում բոլոր դպրոցական առարկաները, այդ թվում և՝ օտար լեզուները դասավանդվեն բացառապես հայերեն։ Եվ բոլորովին նշանակություն չունի, թե կառվարությունը ո՛ր օտար լեզվով է նախատեսում կրթել հայ մանուկներին․ անգլերե՞ն, ռուսերե՞ն, ֆրանսերե՞ն, թուրքերեն, թե՞ մեկ այլ։ Դրանք բոլորը մեզ՝ հայերիս համար հավասարապես են օտար»,-ասված է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան