«Ժառանգությունը» պահանջում է վերջ դնել դատախազության անգործությանը
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հանրապետության գլխավոր դատախազին է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին: Խմբակցությունից տեղեկացնում են, որ խնդիրը վերաբերում է թեստերի արտահոսքին:
«Հասարակությունը ու Հայաստանի Հանրապետության Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը («Առավոտ» թերթ, «Արտահոսք քննություններից առաջ» 09.06.10թ. փաստում են, որ այս տարվա հիմնական դպրոցի ավարտական քննությունների թեստերն ունեցել են արտահոսք, որոնք վաճառվել են և հիմնական դպրոցի շրջանավարտներից ոմանք, քննությունների ժամանակ օգտվելով դրանցից, ստացել են կեղծ բարձր գնահատականներ:
Ի դեպ, այս հանցագործ երևույթի հիմնական մեղքը Հայաստանի Հանրապետության դատախազությանն է, որն անցյալ տարի չբացահայտեց երևույթը, չհայտնաբերեց հանցագործներին, չպատժեց, դրանով նպաստեց կրթության ոլորտում անօրինական երևույթների շարունակական արմատավորմանը և որոշ դպրոցներում կրթության ցածրագույն որակի քողարկմանը:
Այնինչ Ձեր կառույցի դերը պետք է լինի ճիշտ հակառակը:
Ավարտական քննությունների թեստերը տպագրվել են Հայաստանում, ԳԹԿ-ի տպարանում, որտեղ տեղադրված են նկարահանող տեսախցիկներ:
Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն` 10-օրյա ժամկետում տեղեկացնել.
1. Ինչո՞ւ դատախազությունն այս հանցավոր երևույթի հրապարակումների մասին չի արձագանքում:
2. Ի՞նչ է արել այս տարի ՀՀ դատախազությունը վերոնշյալ հանցագործությանը բացահայտելու ուղղությամբ:
Հասարակությունը պահանջում է վերջ դնել Ձեր ղեկավարած կառույցի անգործությունն ու հանցագործությունները պարտակելու սովորությանը, որի պատճառով հեղինակազրկվում է մեր պետականությունը և կասեցվում է քաղաքացիական հասարակության կայացման գործընթացը:
Սպասում ենք այս հանցագործության բացահայտմանը, հանցագործների հայտնաբերմանն ու արդարության հաստատմանը, որը նպաստելու է մեր հասարակության մեջ պետության հանդեպ վստահության վերականգնմանը»,-ասված է դատախազին ուղղված պատգամավորի հաղորդման մեջ: