Գերմանիայի հայկական կառույցները լոբբիստական աշխատանքներն ակտիվացնելու կուրս են վերցրել
Հունիսի 21-ին Բեռլինի սրտում` Բրանդենբուրգյան դարպասների հարևանությամբ գտնվող «Ադլոն» հյուրանոցում պաշտոական այցով Գերմանիա ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը մեկնարկեց Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ողջույնի խոսքով: Սրբազանը հակիրճ տեղեկություններ մատուցեց Գերմանիայում հայ համայնքի ձևավորման, դրա նախադրյալների և այսօր համայնքի առջև ծառացած խնդիրների մասին:
Համայնքի ձևավորման պատմությանն ու առօրյային անդրադարձավ նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ղեկավար Ադամ Օրդուխանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ երկրում այսօր հաշվվում է մոտ 60 հազար հայ: Նրանցից բացի սակայն, ըստ համայնքի ղեկավարի, երկրում գրեթե նույնքան իսլամացած հայեր կան, ովքեր Գերմանիայում գտնվելու տարիներին արմատներին վերադառնալու փորձեր են անում և շփվում են քրիստոնյա հայերի հետ:
Խոսելով համայնքի առօրյայի մասին` բանախոսները տեղեկացրին, որ այսօր Գերմանիայում գործում են մոտ 40 հայկական կազմակերպություններ, որոնցից 13-ը միավորված են Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ներքո: Այդ կառույցը գործունեություն է ծավալում համայնքի հուզող խնդիրների բոլոր ոլորտներում, սակայն հիմնական շեշտադրումն անում է քաղաքական աշխատանքների վրա:
Այդ կապակցությամբ նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենց գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն տրամադրեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի քաղաքական խորհրդատու Անդրանիկ Ազնավուրյանը: Վերջինս տեղեկացրեց, որ քաղաքականության ասպարեզում աշխատանքները ծավալվում են երկու ուղղությամբ` Արցախի հիմնահարց և Ցեղասպանության ճանաչում:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Անդրանիկ Ազնավուրյանը հայտնեց, որ հայկական կողմին չի բավարարում մի քանի տարի առաջ Բունդեսթագի ընդունած բանաձևը, որտեղ Ցեղասպանություն տերմինի գործածությունը որոշակի երկմտանքի տեղիք է թողնում: Նրա խոսքով, իրենք ձգտում են նոր փաստաթուղթ ընդունել, որտեղ Մեծ եղեռի իրավական բնորոշումը` ցեղասպանությունը, ավելի հստակ կարձանագրվի: «Սա դժվար աշխատանք է, բայց անհնարին չէ»,- վստահեցրեց Ադրանիկ Ազավուրյանը:
Սրանով հանդերձ, նրա խոսքով, Ցեղասպանության հարցը բազմիցս լուսաբանված ու արծարծված է, մինչդեռ Արցախի խնդրում հսկայական քարոզչական և քաղաքական աշխատանք կա անելու: «Ադրբեջանցիները բավականին մեծ գումարներ են հատկացնում, Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված հսկայական լոբբիստական աշխատանքի են լծված»,- նշեց Անդրանիկ Ազնավուրյանը` պնդելով, որ դրան հակազդելու համար անհրաժեշտ է հայկական լոբբիստական կառույցների գործունեության մեջ կազմակերպչական վերափոխումներ անել:
Նա պատրաստի դեղատոմսով էր այցելել հանդիպմանը: «Մեկտեղել համայնքի ու Հայաստանի կառավարության ջանքերը»,- խորհուրդ տվեց փորձառու լոբբիստն ու պարզաբանեց իր միտքը` այնտեղ, որտեղ կան կազմակերպված հայկական գաղութներ, անհրաժեշտ է որ մշտական շփումներ, պարբերական հանդիպումներ լինեն Հայաստանի դեսպանի հետ, որոնց ընթացքում կշտճվեն անելիքներն ու մոտեցումները:
Այս առաջարկին ի պատասխան նախագահ Սարգսյանն ասաց. «Շատ ճիշտ առաջարկություն է»: Նախագահը վստահեցրեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն այսուհետ էլ ավելի ակտիվ կհամագործակցեն տեղի հայկական կազմակերպությունների հետ: Միաժամանակ հիշեցրեց, որ պարբերական քննարկումների ձևաչափով համայնքների և ՀՀ կառավարության մշտական կապը պահպանվում է ոչ միայն դեսպանների հանդիպմամբ, այլև հնարավորության դեպքում օտարերկրյա այցելությունների ընթացքում նման հանդիպումներ են ունենում թե ինքը, և թե հանրապետության վարչապետը, ԱԺ նախագահն ու մյուս պաշտոնյաները:
Այնուհետև հանդիպման մասնակիցներն իրենց հուզող խնդիրների շուրջ հարցեր ու տեսակետներ արտահայտեցին` ստանալով նաև նախագահի պարզաբանումներն ու պատասխանները:
Նկատենք, որ գերմանահայերը հիմնականում մտահոգված էին Արցախի հիմնախնդրով: Այս կապակցությամբ նախագահը վերստին ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումն ու մոտեցումները: Դրանից բացի տեղի հայերին հուզում էր նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի, Թուրքիայի հետ հարաբերությունների, ինչպես նաև հայապահպանության հետ կապված հարցեր, որոնց առնչությամբ ևս հնչեցին հարցեր:
Մասնակիցները հանդիպման վերջում կիսվեցին իրենց տպավորություններով` նշելով, որ ոգևորված են թե նախագահի Գերմանիա այցելության փաստով, թե կայացած հանդիպմամբ, և թե դրա ընթացքում նախագահի հնչեցրած գնահատականներով ու պատասխաններից:
Նկատենք, որ ոգևորությունն իսկապես այնքան մեծ էր, որ հանդիպման ավարտին` նախագահի հեռանալուց հետո էլ դեռ երկար ժամանակ մասնակիցները բարձր տրամադրությամբ քննարկում էին նախագահի հետ ունեցած զրույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան