Ա. Սաֆարյան. Կոմորովսկու տարանցիկ այցի վայրի ընտրությունը պատահական չէ
«Մենք Լեհաստանի հետ ավանդաբար լավ հարաբերություններ ենք ունեցել և հենց այդ պատճառով էլ վերջինիս որոշումը կանգ է առել Հայաստանի վրա»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը` անդրադառնալով այն փաստին, որ Լեհաստանի նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկին, արտերկիր ուղևորվելիս` որպես տարանցիկ երկիր, ընտրել է Հայաստանը:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպել է տարանցիկ այցելությամբ Հայաստան ժամանած Լեհաստանի Սեյմի նախագահ, նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկուն, որի ընթացքում վերջիններս քննարկել են հայ-լեհական երկկողմ հարաբերություններին և Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ԱԺ պատգամավորի խոսքերով, Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում անընդհատ զարգացում են ապրել:
«Կարծում եմ, որ Լեհաստանի նախագահի պաշտոնակատարը համարել է, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ նա կարող է «թեթև շնչով», բարեկամակաբար անցկացնի իր մի քանի ժամը»,- ասաց խորհրդարանականը:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե արդյո՞ք տարանցիկ այցելության վայրի ընտրությունը պատահական էր՝ Ա. Սաֆարյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ ոչ»: