Վ. Մանուկյանը բաց նամակ է հղել հանրային խորհրդին
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել իր ղեկավարած խորհրդին: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հարգելի բարեկամներ, Հանրային խորհրդի սույն թվականի հունիսի 8-ին կայացած փոքր նիստի որոշման մեջ արձանագրվել է, որ Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրներով զբաղվելու հետ մեկտեղ ՀԽ-ն մեծ նշանակություն է տալիս կրթական համակարգի` որպես մեր ժողովրդի ու պետության համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի կանոնավորման հարցին: Ազգային կրթության խնդիրը միշտ կարևորվել է մեր ժողովրդի կողմից հատկապես այն ժամանակաշրջանում, երբ մենք կորցրած ենք եղել մեր անկախությունը և ակնկալվել է, որ անկախությունը կբերի ինքնուրույն ազգային կրթական համակարգի, որը նաև կապահովի այնպիսի մակարդակ, որ հնարավորություն կտա հավասարը հավասարի հետ հարաբերվել մյուս ժողովուրդների և քաղաքակրթությունների հետ:
Օրինաչափ է, որ Ղարաբաղյան շարժումը, վերածվելով անկախության և ազատության շարժման, իր դրոշի վրա առաջ էր տանում այդ գաղափարը, որը արտահայտվեց անկախության հռչակագրի 10-րդ կետում և դարձավ մեր Սահմանադրության հիմնական ձողերից մեկը.«…Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի, գործառությունը Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ»: Պետք է խոստովանել, որ նախորդ տարիների ընթացքում մեզ չհաջողվեց բավարար չափով լուծել այդ խնդիրը:
Չնայած դրան` հարյուրավոր երեխաներ, ավարտելով մեր դպրոցները, իրենց ուսումը շարունակում են օտար երկրների բուհերում` ստանալով միջազգային չափանիշներով բարձր որակավորում: Ցավն այն է, որ նրանց մի մասը չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում և ստիպված է մեկնել արտերկիր` աշխատանք որոնելու: Դրա հետ մեկտեղ ունենք և’ ավանդական Սփյուռք, և’ նորաստեղծ Սփյուռք, որտեղ տասնյակ հազարավոր երեխաներ, օտար երկրներում ստանալով տարբեր մակարդակի կրթություն և ցանկանալով վերադառնալ հայրենիք, համապատասխան աշխատանք չգտնելով` ստիպված հրաժարվում են իրենց մտադրությունից:
Դա առանձին և կարևոր հարց է, որը պահանջում է լուրջ քննարկում: Փոքր խորհրդի նիստում բարձրացվեցին կրթության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոշվեց ստեղծել աշխատանքային խմբեր` տարբեր ուղղությունները քննարկելու համար: Ըստ որում, այդ խմբերի մեջ ներգրավվում և նաև բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ընդգրկված չեն ՀԽ-ում կամ հանձնաժողովներում:
Հանրապետության նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ քննարկումների արդյունքում ձևակերպված առաջարկությունները կքննարկվեն նախագահի և կառավարության հետ համատեղ: Այժմ այս նամակով դիմում եմ ՀԽ հանձնաժողովներում ընդգրկված բոլոր անդամներին և այն 960 հասարակական կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչներն են նրանք, քննարկել և ՀԽ ներկայացնել իրենց առաջարկությունները կրթությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Ներկայացնեմ փոքր խորհրդում բարձրացված հարցերը և մտքերը.
1. Կրթության նպատակները.- ազգային, պետական, հայրենասիրական դաստիարակություն` առաջացնելով երիտասարդների մեջ ազգային հպարտության զգացում, հայրենասիրություն` հիմնված ազգային մտածողության զարգացման և արժեհամակարգի, ազգային բնավորության ձևավորման, պատմության իմացության վրա:- հայրենիքի համար պիտանի գիտելիքներով ու հմտություններով օժտված քաղաքացիների դաստիարակում; - ժամանակակից աշխարհի նորագույն տեխնոլոգիաներին համընթաց գիտելիքների տիրապետում, համաշխարհային մակարդակի հումանիստական կրթություն,
2. Այժմ գործող օրենքները երկու կարևորագույն պետական կառույցների` բանակի և կրթական համակարգի միջև համագործակցության փոխարեն ստեղծում են շահերի որոշակի բախում, որը վնասում է երկուսին էլ: Կրթական համակարգի կողմից տրամադրվող տարկետման հետ կապված արտոնությունները` մագիստրատուրա, ասպիրանտուրա, անվճար ուսուցում, ավելացնում են բանակից խուսափելու հետ կապված կոռուպցիան` էապես վնասելով նաև կրթական համակարգը: Ստացվում է, որ ամեն տարի կորցնելով զորակոչային զգալի ռեսուրս` կորցնում ենք նաև երիտասարդ գիտնականների, քանի որ տարկետում ապահովող տեղերը խիստ սահմանափակ են, և հաճախ տաղանդավոր տղաների կամ աղջիկների փոխարեն հովանավորչության միջոցով «տեղավորվում են» պարզապես բանակից խուսափել ցանկացողները, որոնք բնավ չեն ցանկանում ապագան գիտության հետ կապել: Կորցնում է գիտությունը, կորցնում է բանակը, ծաղկում է կոռուպցիան` խորացնելով սոցիալական անարդարությունը և շերտավորումը: Առաջարկվում է` 18 տարեկան բոլոր տղաների պարտադիր ծառայություն բանակում (բացի առողջական խնդիրներ ունեցողներից): Դրա համար առաջարկվում է երիտասարդներին որոշակի արտոնություններ տալ` կա’մ 2 տարին փոխարինել 1.5 տարով, որի նպատակահարմարությունը իրավասու է որոշելու միայն ՊՆ-ն, կա’մ ուսման շարունակության վարձը պետությունը վերցնի իր վրա, կամ նաև հնարավորություն ընձեռվի բանակում ծառայելը համատեղել հեռակա կրթության հետ և այլն: Այդ ամենը շատ մանրակրկիտ քննարկված է ՊՆ-ի համապատասխան փաստաթղթում, այդ հարցում մենք սերտորեն համագործակցելու ենք ՊՆ-ի հետ:
3. Դպրոցների կառավարում` Ապակենտրոնացումից անցնել ավելի կենտրոնացված համակարգի, մշակել նոր համակարգ` տնօրեններին նշանակելու և աշխատանքից ազատելու հետ կապված, ուսուցիչների որակավորման, աշխատանքի ընդունելու և ազատելու հարցերը, ստեղծել դպրոցական դասընթացների ստուգման հատուկ տեսչություն, սահմանել ուսուցիչների կարգավիճակ, աշխատավարձ:
4. Դպրոցի կառուցվածք` Ավագ դպրոց Միջազգային չափանիշների շրջանակում ինքնուրույն որոշումներ ընդունել այդ հարցի կապակցությամբ, որը լինի համահունչ և բնական մեր ժողովրդի` տասնամյակների ընթացքում ձևավորված սովորություններին, օգտակար մեր պետությանն ու ժողովրդին:
5. Առաջարկություն է եղել նորից վերադառնալ բարձրագույն և միջնակարգ կրթությունների բաժանմանը տարբեր նախարարությունների` լուսավորության նախարարության ստեղծում, որի մեջ ներգրավվեն բոլոր դպրոցներից բացի նաև բոլոր այն ուսումնական հաստատությունները, որոնք պատրաստում են կադրեր դպրոցների համար:
6. Չափորոշիչներ – ծրագրեր – դասագրքերԱպահովել հեռուստատեսային դասընթացներ` մանավանդ հեռավոր շրջանների համար:7. Ընդունելության քննությունների կազմակերպում, թեստերի հարցը. (առաջարկվում է յուրաքանչյուր առարկայից առնվազն 200-500 թեստի տեղադրում ինտերնետում, որոնց միջից միայն կընտրվեն քննական թեստերը):
Մենք կարծում ենք, որ այս խնդիրները հուզում են մեր բոլոր քաղաքացիներին, և ՀԽ աշխատանքները այս ուղղությամբ պետք է հնարավորինս նպաստեն համաժողովրդական քննարկմանը: Մեր պետության և մեր ժողովրդի ապագան, մեր տեղը համաշխարհային քաղաքակրթության մեջ, մեր հնարավորությունները էապես կախված են նրանից, թե ինչ լուծում կտանք հանրակրթական համակարգային խնդիրներին»,-ասված է նամակում: