Արցախի նախագահ. Իշխանությունները ուշադրության կենտրոնում կպահեն իրավապահ մարմինների աշխատանքի որակի բարձրացման հարցը
Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ է հանձնել հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին և մի խումբ աշխատակիցների` համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական արդյունավետ գործողությունների շնորհիվ «Էյ Թի Էյ Վանք Լես» փակ բաժնետիրական ընկերությունում (Մարտակերտի շրջան) կատարված խոշոր դրամական միջոցների գողության արագ բացահայտման, գողոնի հայտնաբերման ու առգրավման համար:
Գոհունակություն հայտնելով ներկաներին իրենց առջև դրված խնդիրը կարճ ժամանակահատվածում հաջողությամբ կատարելու կապակցությամբ, Նախագահը նշել է, որ այսուհետ ևս հանրապետության իշխանությունները ուշադրության կենտրոնում կպահեն իրավապահ մարմինների աշխատանքի որակի բարձրացման և աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման հարցերը: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: