Եթե ստանա հիմնավորում` Աշոտյանը կխնդրի, որ «Լեզվի մասին» օրենքին ձեռք չտան
«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» նախագծերը վաղը կդրվեն քվեարկության, քանի որ առաջին ընթերցման փուլում քննարկումներն այսօր ավարտվեցին: Ի՞նչ փոփոխություններ է հնարավոր , որ արվեն մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, երբ նաև թեմային նվիրված բավականին թեժ խորհրդարանական լսումներ էլ կլինեն : Վերջնական ի՞նչ տեսք կունենա օրինագիծը գործադրի պատկերացմամբ:
Այս հարցերին էր նվիրված ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եզրափակիչ ելույթը խորհրդարանում, որին զուգահեռ պատուհանների տակ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման ակտիվիստները հայրենասիրական համերգ էին կազմակերպել` ընդմիջելով երգեցողությունը պատգամավորների ուղղված վիրավորանքներով:
Նախարարը, նախ, անդրադարձավ այն դիտարկմանը, թե օրենքի փոփոխության անհրաժեշտություն չկա և գործող օրենսդրությունը թույլ է տալիս իրականացնել այն ծրագրերը, որոնք ներառված են խնդրահարույց դարձած նախագծերում.
«Ցավոք, անցած ամիսների ընթացքում ես որևէ իրավական լուրջ տեղեկանք ու հիմնավորում, բացի քաղաքական ելույթներից, չեմ ստացել» ,- նշեց Ա.Աշոտյանը, ավելացնելով, որ եթե մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նա ստանա այդպիսի իրավական հիմնավորում, ապա կխնդրի, որ «Լեզվի մասին» օրենքին ձեռք չտրվի:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ անգամ ընդդիմադիր խմբակցությունների ելույթներում բացակայում էր դեմ լինելու փաստը կոնկրետ գաղափարին ու մոտեցմանը, այսինքն եթե չկա առաջարկի սկզբունքային մերժում , ապա.
«Ընդդիմադիր գործընկերներիս առաջարկում եմ առաջին ընթերցմանը կողմ քվեարկել և մինչ երկրորդ ընթերցում գրավոր ներկայացնել առաջարկություններ ու հիմնավորել` ինչպե՞ս կարելի է իրականացնել ծրագիրն առանց «Լեզվի մասին» օրենքին դիպչելու»,- հայտարարեց նախարարը:
Անդրադառնալով կոալիցիոն խմբակցությունների առաջարկներին, մասնավորապես դպրոցների քանակի ու ուսուցման հիմքի մասով, Ա.Աշոտյանն ասաց, թե քննարկումներն այս հարցերի շուրջ բազմաթիվ ու բազմապիսի են եղել ու ընդգրկել են շատ ու շատ քաղաքական ուժերի: Եվ հնչեցրեց այն լրամշակումները, որոնք էլ հենց պետք է վաղը դրվեն քվեարկության:
Ըստ այդմ, կառավարությունը ընդունելի է համարում , որ «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների արդյունքում նախատեսված ուսումնական հաստատությունների թիվը Հայաստանում նախկինում առաջարկվող 15-ի փոխարեն լինի 11:
«Դպրոցները 11-ն են, որից երկուսը ոչ պետական ուսումնական հաստատություններն են Դիլիջանում և Ջերմուկում, որոնք գործունեություն են իրականացնելու 7-րդ դասարանից, իսկ 9-ն էլ` միջպետական կամ միջկառավարական համաձայնագրով ստեղծված ուսումնական հաստատություններ են, որոնք ուսումն իրականացնելու են 9-րդ դասարանից»,- ներկայացրեց Ա.Աշոտյանը:
Այսպիսով, եթե վաղը խորհրդարանը կողմ քվեարկի առաջին ընթերցմամբ քննարկված նախագծերի օգտին, ապա մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը հնարավոր կլինի քննարկել արդեն այն հարցերը ու ներկայացնել այն հիմնավորումները, որոնք հնարավորություն կտան, ինչպես խոստացավ Ա.Աշոտյանը, չդիպչել «Լեզվի մասին» օրենքին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան