«Ասրիրան.քոմ». «Իրանի նկատմամբ ռազմական հարձակման դեպքում Իսրայելը կօգտագործի Վրաստանի և Ադրբեջանի տարածքները»
Իսրայելի ռազմական ղեկավարությունը նոր նախագիծ է մշակել, ըստ որի, Իրանի նկատմամբ ռազմական հարձակում գործելիս կօգտագործվի նաև Վրաստանի տարածքը: Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը` հղում կատարելով ամերիկյան ռազմական վերլուծաբաններին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելը և Թուրքիան ռազմական պայմանագիր ունեին ստորագրած, համաձայն որի` իսրայելական օդուժը կարող էր անհրաժեշտության դեպքում օգտագործել Թուրքիայի օդային տարածքը, սակայն Թուրքիայի վարչապետ Էրդողանը անցյալ շաբաթ չեղյալ հայտարարեց վերոնշյալ պայմանագիրը:
«Մինչդեռ Իսրայելը ռուս-վրացական պատերազմից հետո մեծաքանակ ռազմական կարողություն է տեղակայել Վրաստանում, միևնույն ժամանակ Իսրայելի` Իրանի նկատմամբ ռազմական հարձակման ծրագրում ներառված է նաև Ադրբեջանի Հանրապետության տարածքը: Իսկ մինչ այդ Իսրայելը իր ռազմաօդային ուժերին պատկանող զգալի կարողություններ է կենտրոնացրել Ադրբեջանում»,- գրված է հոդվածում:
Նշենք, որ վերջերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հաստատեց երկրի ռազմական դոկտրինը, ըստ որի` թույլատրվում է օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը երկրի տարածքում: