Հունիսի 24-ից սկսվում է պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) 2009-2010 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների պետական ավարտական և միասնական (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գայանե Մանուկյանը:
Նշենք, որ այս տարի միասնական քննություներ են անցկացվում «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից:
Պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել` հիմնական փուլում անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները, պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Այն շրջանավարտները, որոնք չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, իրենց դպրոցներում պետք է ներկայացնեն դիմում տնօրենի անունով: Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննություններին (վերաքննություններին) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում: Վերաքննություն հանձնողների տվյալները ներկայացնում են կրթության վարչությունները:
Միասնական լրացուցիչ քննությանը (2010թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2010թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, 2009-2010 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է` լրացնել դիմում-հայտ, ներկայացնել «ՎՏԲ-Հայաստան բանկ» 160481037341 հաշվեհամարին փոխանցված, 1500(հազար հինգ հարյուր) դրամի անդորրագիր` յուրաքանչյուր քննության համար, անձը հաստատող փաստաթղթի պատճեն, 3X4 չափի լուսանկար:
Միասնական քննությունների վճարից (1500 դրամ) ազատվում են` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության գրքույկի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից` ամեն օր` ժամը 10:00- 17:30: Ընդունման ժամկետն ավարտվում է հուլիսի 1-ին` ժամը 18:00-ին: