«9-րդ դասարանի քննությունների թեստերի արտահոսքի հեղինակներն անպայմանորեն կպատժվեն»
Հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանի մի քանի առարկաներից ավարտական և փոխադրման քննությունների թեստերի արտահոսքի հեղինակներն անպայմանորեն կպատժվեն, իսկ նրանց բացահայտման գործընթացին Գնահատման և թեստավորման կենտրոնը հետամուտ կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
«ԳԹԿ-ն է նկատել դա և դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը` պարզելու, բացահայտելու հեղինակներին: Եթե նման մարդ կա մեր կոլեկտիվում, որ դիմում է այդպիսի քայլերի, ապա նա պետք է անպայման պատժվի, որպեսզի հետագայում նման երևույթները կանխենք»,- ասաց նա:
Հարցին, թե կոնկրետ, որ դպրոցում են հայտնաբերվել թեստերի արտահոսքի դեպքեր, ԳԹԿ տնօրենն ասաց, որ դա համատարած բնույթ է կրել, թեստերի օրինակները տարբեր դպրոցներում են տարածվել, սակայն ահազանգը եղել է Երևանի թիվ 114 դպրոցի ուսուցչուհիներից մեկից, ով համագործակցում է ԳԹԿ-ի հետ:
Նա նշեց, որ այսօր դեռ համոզված չեն, որ մեղավորները ԳԹԿ-ից են, դա վարկածներից մեկն է: ԳԹԿ տնօրենը չբացառեց, որ ուրիշ օղակներից են եղել տարածողները, ինչն ավելի շուտ դիտարկվում է որպես միտումնավոր վնաս ԳԹԿ-ին: