ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է հավակնոտ այն ծրագրերը, որոնք կարող են նպաստել կրթության բարելավմանը
ՎիվաՍել-ՄՏՍը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, բիզնեսի և կրթության ոլորտների համագործակցության մոդելը ներկայացրել է Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողներին: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Առանձին մասնագիտություններ պահանջում են համակարգված մոտեցում և շարունակական կրթություն: Հեռահաղորդակցության ոլորտում այդ պահանջն անհրաժեշտության է վերածվում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինտենսիվ զարգացման պատճառով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության հիմքում կարևոր տեղ է զբաղեցնում ոչ միայն իր կադրերի շարունակական կրթությունն ապահովելու, այլև` բարձրագույն մասնագիտական կրթօջախների ուսանողներին զարգացման հնարավորությունների ընձեռման մոտեցումը:
«Մենք պատրաստ ենք կիսելու մեր փորձը ապագա մասնագետների հետ: Իրական փորձառությունը ձեռք է բերվում միայն արտադրական պրակտիկայի միջոցով և ոչինչ չի կարող այն փոխարինել: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ստաժավորում անցնելու հնարավորությունը ապագա մասնագետների համար կդառնա ինքնադրսևորման լավագույն փորձառություն, բայցև` լուրջ մարտահրավեր»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Դասախոսությանը հաջորդած հարցուպատասխանի միջոցով ուսանողները բացահայտեցին աշխատանքային գործունեության ընթացքում հավանական մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները:
Բուհի գիտական խորհրդի որոշմամբ, Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց Մովսես Խորենացու անվան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: