Իրանն ուժեղացնում է երկրի հյուսիսային սահմանների անվտանգությունը
Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Էսմայիլ Ահմադ Մողադամը Արևմտյան Ազերբայջան նահանգի սահմանապահ և ոստիկանական ծառայության նոր հրամանատարին ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ երկրի սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով երկրի բոլոր սահմանային ուղեկալները կզինվեն նորագույն տեխնոլոգիաներով, որպեսզի կանխվի թշնամու կողմից հեռվից կառավարվող ռումբերի գործարկումը: Այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Գեներալ Մողադամը նշել է, որ Արևմտյան Ազերբայջան նահանգին անվտանգության ապահովման առումով պետք է առաևելագույն ուշադրություն դարձնել, քանի որ այդ նահանգի շնորհիվ է, որ հնարավոր է եղել չեզոքացնել ներքին և արտաքին թշնամիների սպառնալիքները:
Նշենք, որ վերոնշյալ նահանգում ապրող իրանցի թյուրքախոս ազերիները, որոնք կազմում են Իրանի մոտ 70 միլիոնանոց բնակչության 20-25 տոկոսը, ժամանակ առ ժամանակ հակակառավարական ցույցեր են կազմակերպում` իշխանություններից պահանջելով թյուրքերեն լեզվին պետական կարգավիճակ տրամադրել, ինչպես նաև բարձարացնում են էթնիկական խնդիրներին առընչվող տարատեսակ հարցեր: