Հիլարի Քլինթոնի կբարձրացնի՞ ազատազրկված բլոգերների հարցը
Ադրբեջանցի բլոգերներ Ադնան Գաջիզադեի և Էմին Միլիի հարազատները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ խնդրելով մոտ ժամանակներս, Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում բարձրացնել ազատազրկման մեջ գտնվող բլոգերների հարցը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիլարի Քլինթոնին հղված նամակում մասնավորապես նշվում է, որ երիտասարդ բլոգերներն անազատության մեջ են հայտնվել շինծու գործի հիման վրա և նրանց՝ ճաղերի ետևում հայտնվելու միակ պատճառը, վերջիններիս քաղաքացիական ակտիվությունն էր ու ժողովրդավարական հայացքները:
Նամակում բլոգերների հարազատները հիշեցնում են, որ վերջիններիս հետ տեղի ունեցած միջադեպը դատապարտվել է մի շարք հեղինակավոր կառույցների և պետությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կողմից: Ակտիվիստների ազատազրկման փաստը քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսում, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, Եվրոպական խորհրդում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրամիությունում: Երիտասարդ բլոգերները «Խղճի կալանավորներ են» հռչակվել:
Բլոգերների հարազատներն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել են, որ ակտիվիստների ազատ արձակման համար, բազմաթիվ երկրներում բողոքի ակցիաներ են իրականացվել: Չնայած այդ հանգամանքին, ադրբեջանական իշխանություններն այդպես էլ արդար դատական գործընթաց չեն իրականացրել և ոտնահարելով սեփական օրենսդրությունն ու միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունները, բլոգերներին ազատազրկման են ենթարկել:
Նամակում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային կոչ է արվել այդ հարցը հրապարակայնորեն բարձրացնել ադրբեջանական իշխանությունների առջև:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Բաքու սպասվում է հուլիս ամսվա երկրորդ կեսին: