«Օտարալեզու դպրոցները հասարակության մեջ սոցիալական մեծ բևեռացվածություն կառաջացնեն»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի պետական տեսչության վարչական խախտումների բաժնի նախկին պետ Հովհաննես Սարոյանը նշեց, որ ինքը դեմ չէ օտար լեզուների կրթական որակի բարձրացմանը, սակայն դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը:
«Նման դպրոցները հասարակության մեջ սոցիալական մեծ բևեռացվածություն կառաջացնեն»,- ասաց նա` հավելելով, որ օտարալեզու դպրոցների բացումը կխարխլի մեր լեզվի հիմքերը։
Բանախոսը նշեց, որ ինքը դեմ է եղել նաև ավագ դպրոցների ստեղծմանը: «Պետությունը ժամանակի ընթացքում կհասկանա, որ ավագ դպրոցներն անարդյունավետ են: Օրինակ, հատկապես մարզերի բնակիչների երեխաների համար ավագ դպրոցների ստեղծումը մեծ խնդիրներ է առաջացրել: Օրինակ` Ջրաբեր գյուղի երեխան որտե՞ղ պետք է իր ուսումը ստանա, երբ իրեն ամենամոտ ավագ դպրոցը 20 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաքում է»,- ասաց նա: