Ո՞վ է իրավասու ընդունել կամ չընդունել հրաժարականի դիմումը` տնօրենի պաշտոնակատա՞րը, թե՞ «շատ վերևները»
«Երանի թե տնօրենի պաշտոնակատարը որոշեր»,- այսպիսին էր Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնակատար Անահիտ Ծպտենցյանի պատասխանը մեր այն հարցին, թե մշակույթի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ Դուք, որպես տնօրենի պաշտոնակատար, պետք է որոշեք` ընդունե՞լ Հայաստանի պետական կամերային նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը հրաժարականի դիմումը, թե՞ ոչ: «Դա այդպես չէ. շատ վերևներում են որոշում, ոչ թե պաշտոնակատարը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ա. Ղարաբեկյանը անցած տարվա դեկտեմբերի վերջին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը` հայտարարելով, որ ինքն այդ կոլեկտիվի հետ այլևս չի կարողանում աշխատել: Սակայն նախարարն այն չէր ընդունել, քանի որ, ինչպես դեռևս այս տարվա սկզբին Panorama.am-ին ասել էր մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը, հարցը պետք է քննարկվի համապատասխան խորհրդում ու մոտ ժամանակներս նախարարությունը կոնկրետ վերաբերմունք կարտահայտի: Սակայն անցան ամիսներ ու ոչ մի տեղեկություն այն մասին` ի վերջո իրականում ի՞նչ է կատարվել ու ինչո՞ւ է Ա. Ղարաբեկյանը հրաժարականի դիմում ներկայացրել, ընդունվե՞լ այն, թե՞ ոչ:
Օրեր առաջ Գ. Դուրգարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ եղավ այդ «հրաժարականի» հետ: Իսկ նա էլ ասաց, որ այժմ Կամերային նվագախումբն ունի տնօրենի պաշտոնակատար, նա էլ պետք է որոշում կայացնի: Տնօրենի պաշտոնակատարը, ինչպես տեսանք, լրիվ այլ բան ասաց:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը մեզ հետ զրուցում ևս մեկ անգամ կրկնեց, որ օրենքի համաձայն, պետք է տնօրենը որոշի` ազատո՞ւմ է իր աշխատակցին աշխատանքից, թե՞ ոչ: Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե ստացվում է, որ տնօրենի պաշտոնակատարը չգիտի՞ իր պարտականությունները, նա նախ ասաց, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, ապա նշել. «Նա դեռ քննություն չի տվել ու չի անցել իր պաշտոնավարմանը, երևի թե օրենքը կսովորի»:
Ա. Ծպտենցյանից հետաքրքրվեցինք, թե եթե Ձեզ վերապահված լիներ կայացնել որոշում, Դուք ինչպե՞ս կվարվեիք, նա ասաց. «Բնականաբար, կցանկանայի աշխատել մաեստրոյի հետ»: Իսկ թե ո՞րն էր Ա. Ղարաբեկյանի հրաժարականի պատճառը, նա ասաց, որ զարգացել էին այնպիսի իրադարձություններ, որոնց նա չդիմացավ ու հրաժարական տվեց. «Հնարավոր չէր աշխատել: Նա չէր վախենում աշխատանքից, չէր փախչում դժվարություններից: Շատ մեծ ներդրում ունի նվագախմբի զարգացման գործում: Բայց շրջապատված էր այնպիսի մարդկանցով, որոնք խանգարեցին նրան»: Իսկ ներսի՞ց էին այդ մարդիկ, թե՞ դրսի, նա ասաց` «և դրսից էին, և դրսից չէին»: Ի դեպ, Արամ Ղարաբեկյանն այժմ Երևանում չէ:
Նվագախմբի 23 անդամներից 17-ը դիմել էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` հայտնելով, թե չեն ցանկանում այլևս աշխատել Արամ Ղարաբեկյանի հետ: Նրանք դժգոհել էին, որ տարիներ շարունակ նվագախմբի հետ կապված բոլոր հարցերը նա միայնակ է որոշում` առանց հաշվի առնելու իրենց կարծիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին