Իտալացին բան ու գործ չունի՞ գա Հայաստանում դպրոց բացի. Արթուր Բաղդասարյան
Հայաստանում 1500 հանրակրթական դպրոցների կողքին 2 մասնավոր օտար լեզվով ուսուցմամբ դպրոցի գոյությունը չի վտանգում մեր երկրի Ազգային անվտանգությանը: Այսօր այդ մասին կազմակերպված ասուլիսում հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նա պարզամիտ որակեց շահարկումները, թե օտար լեզվով ուսուցումն արվելու է հայերենի հաշվին: «Մայրենին մայրենիի տեղն ունի, օտար լեզուն` օտար լեզվի: Այսօր չեք կարող գտնել մի գերմանացու, որը սոսկ խոսում է գերմաներեն, ոչ, նա փայլուն խոսում է նաև անգլերենով, ֆրանսերենով: Մենք գտնում ենք, որ այս մոտեցումը պետք է իրականացվի նաև Հայաստանում», -հայտարարեց Բաղդասարյանը:
Անդրադառնալով «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի շուրջ ստեղծված աղմուկին, ԱԱԽ քարտուղարն ասաց, որ դրանց շուրջ «արհեստական շահարկումներ շատ եղան»:
«Ուղղակի եղան քաղաքական արհեստական շահարկումներ, որոշ քաղաքական ուժեր սկզբում հայտարարեցին, որ իրենք դեմ են, հետո քվեարկեցին կողմ կամ` ընդհակառակը», հավելեց նա:
Նկատենք, որ վերոնշյալ օրինագծերը նախօրեին ընդունվեցին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ, որոնց համաձայն օտար լեզվով ուսուցմամբ դպրոցները 11-ն են լինելու, որից երկուսը ոչ պետական ուսումնական հաստատություններ են Դիլիջանում և Ջերմուկում, որոնք գործունեություն են իրականացնելու 7-րդ դասարանից: Իսկ մյուս 9-ն էլ` միջպետական կամ միջկառավարական համաձայնագրով ստեղծված ուսումնական հաստատություններ են, որոնք ուսումն իրականացնելու են 9-րդ դասարանից:
«Դուք կարծում եք, թե լինելու է 9 կառավարություն, որը գալու է Հայաստանում դպրոց բացի՞: Ընենց չի, որ իտալացին յալվար է գա, ստեղ դպրոց բացի, բան ու գործ չունի՞: Ես գտնում եմ, որ Հայաստանի Ազգային անվտանգությանը այդ երկու դպրոցների գոյությունը չի սպառնում: Մենք խոհեմ որոշում ենք կայացրել, մեր երկրում ունենալով երկու դպրոցներ, մանավանդ որ այդ դպրոցներում օտար լեզվով ուսուցումը լինելու է 7-րդ դասարանից հետո», -եզրափակեց Արթուր Բաղդասարյանը: