Ս. Հարությունյան. «Գիտական կենտրոնների ստեղծման նպատակն է կազմակերպությունների գիտական հետաքրքրությունների ընդհանրացումը»
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ և անդրադարձել Գիտական գործունեության կազմակերպման նոր մեխանիզմներին: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սամվել Հարությունյանը խոսել է գիտական կենտրոնների ստեղծման անհրաժեշտության մասին: Գիտական կենտրոնների ստեղծման նպատակն է կազմակերպությունների գիտական հետաքրքրությունների ընդհանրացումը, գիտական ներուժի, նյութատեխնիկական բազայի, տարածքների, վարչասպասարկող անձնակազմի օպտիմալացումը, ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը և այլն: Գիտական կենտրոն կարող են ձևավորել ՀՀ մեկ կամ մի քանի գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն համապատասխան նյութատեխնիկական բազա եւ տարածքներ, բարձր որակավորում ունեցող գիտական աշխատողներ եւ մասնագետներ, միջազգային համագործակցության և գիտական արդյունքների ներդրման փորձ:
Գիտական կենտրոնները ձևավորվում են ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25 N 1555-Ն որոշման համաձայն: Գիտական կենտրոններ ձևավորելու գործընթացը կանոնակարգում է Գիտության պետական կոմիտեն:
Ներկայումս պատրաստ է գիտական 3 կենտրոններ ստեղծելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նա նաև խոսել է Քենդլ միջազգային գիտական նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել առնվազն հինգ փորձարարական կայաններով գիտական կենտրոն, որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր: Արդյունքում կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում: