Վ. Մնացականյան. Վենետիկյան 54-րդ բիենալեի «Տիեզերքները տիեզերքում» Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով
Մշակույթի նախարարության որոշմամբ, Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար:
1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը:
2011-ի` 54-րդ բիենալեն կրելու է «Տիեզերքները տիեզերքում» խորագիրը: Այն կմեկնարկի հունիսին ու կշարունակվի մինչև նոյեմբեր: Յուրաքանչյուր երկիր, բացի մասնակիցներից, ունի կոմիսար և համադրող /կուրատոր/, ովքեր պատասխանատու են ազգային նախագծի ներկայացումը բիենալեի չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Հայկական տաղավարի նորանշանակ կոմիսարը խոստանում է, որ Վենետիկյան 54-րդ բիենալեի «Տիզերքները տիեզերքում» ընդհանուր խորագրի ներքո Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով: Իսկ մինչ այդ Հայաստանի Մշակույթի նախարարի և կոմիսարի անունից Բիենալեի համակարգող Բիչե Կուրիգեին ուղարկվել է շնորհավորական նամակ:
Ժամանակակից արվեստի վենետիկյան հարթակին են ձևավորվում արվեստի նոր «իզմեր», և ազգային տաղավարների կոմիսարներն ու համադրողները ջանք չեն խնայում իրենց երկրներն ըստ արժանվույն ներկայացնելու համար: Հունիսի 25-28-ը Վ. Մնացականյանը հայկական տաղավարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար կգտնվի Վենետիկում:
Նրա հավաստմամբ, հուլիսի կեսին արդեն կկազմակերպվի բաց քննարկում արվեստի խնդիրներով շահագրգիռ մարդկանց, տեսաբանների, արվեստագետների մասնակցությամբ: Արդյունքում կընտրվի 2011-ի հայկական տաղավարի համադրողը, որն էլ կընտրի արվեստագետին կամ արվեստագետներին:
Մինչև Բիենալեի գեղարվեստական խորհրդին հայկական տաղավարի նախագծի ներկայացնելը կհրապարակվեն նաև տաղավարի կազմակերպական մանրամասները և գտնվելու վայրը:
Պատասխանատուները վստահեցնում են, որ այս տարվանից հայկական ժամանակակից արվեստի միջազգայնացումը դրվում է պետական և հուսալի հենքի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին