Օբամա, Մեդվեդև, Սարկոզի. Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշեն նրա բնակիչները
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, հերթական անգամ, համատեղ հայտարություն են ընդունել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Կանադական Մուսկոկա քաղաքում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Ռուսասատանի, Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդևն ու Նիկոլյա Սարկոզին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարներ, համատեղ հայտարարություն են ընդունել, որով հակամարտության կողմերին կոչ են արել, Խաղաղության համաձայնագրի մշակմանն անցնելու համար, արագացնել կարգավորման Հիմնարար սկբունքների համաձայնեցման գործընթացը:
«Այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է ևս մեկ քայլ կատարեն Հիմնարար սկզբունքների ուղղությամբ աշխատանքում, որպեսզի հնարավոր լինի անցնել Խաղաղության համաձայնագրի նախագծի մշակմանը»,- աղբյուրի համաձայն, ասված է հայտարարության տեքստում:
Իրենց կոչն իրականություն դարձնելու նպատակով, համանախագահող երկրների ղեկավարները հանձնարարել են իրենց արտաքին գործոց նախարարներին ու Մինսկի խմբի համանախագահներին, «Ալմաթիում ԵԱՀԿ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում շարունակել ակտիվ աջակցությունը Հայաստանին ու Ադրբեջանին` հաղթահարելու առկա տարաձայնությունները»:
Համանախագահ երկրների առաջնորդները հայտարարությամբ վերահաստատել են իրենց հանձնառությունը` կարգավորման Հիմնարար սկբունքների համաձայնեցման ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների աջակցելու հարցում:
Հայտարարության մեջ ասվում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների երկրները «կարևոր առաջընթաց են համարում այն, որ երկու կողմերն էլ համաձայնել են այն փաստի հետ, որ կայուն կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների վրա, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովումը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը»:
Աբյուրի համաձայն` հայտարարության տեքստում հիշյալ սկզբունքների շարքում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը` «նրա բնակիչների` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակության վայրը վերադառնալու իրավունքը, անվտանգության միջազգային երաշխիքները` ներառյալ խաղաղարար գործողությունը»:
Նկատենք, որ Մինսկի խմբում համանախագահող երկրների առաջնորդները նմանատիպ հայտարարություն ընդունել էին նաև անցած տարի` իտալական Լ’Աքվիլա քաղաքում` կրկին «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում: Ի տարբերություն նախորդ հայտարարության, այս դեպքում ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները ներկայացված են համատեղ հայտարարության տեքստում: Հիշեցնենք, որ նախորդ դեպքում հիշյալ սկզբունքները` նույն ձևակերպումներով, համատեղ հայտարարությունից մեկ օր անց զետեղվել էին Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները