Հայաստանի նախագահը Intel ընկերության նախկին նախագահին մրցանակ կտա` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար
Intel ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթը (Craig Barrett) կիրակի ժամանելու է Հայաստան` նախագահ Սարգսյանի ձեռքից ստանալու մրցանակ` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Սինոփսիս» ընկերության հանրային կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանը:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հունիսի 28-ին: Մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է ամեն տարի` ՀՀ նախագահի նախորդ տարվա հուլիսի 6-ին ընդունած համապատասխան հրամանագրով և «Սինոփսիս» ընկերության նախաձեռնությամբ:
«Մրցանակաբաշխության նպատակն է ընդգծել Հայաստանի տեղը որպես ՏՏ զարգացող երկիր, ճանաչելի դարձնել Հայաստանը, որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն», -բացատրեց Գայանե Մարկոսյանը և պարզաբանեց, որ մրցանակն ամեն տարի շնորհվելու է մեկ մրցանակակրի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների:
Այդ ներդրումները, ըստ Մարկոսյանի, կարող են ունենալ տարբեր դրսևորումներ` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական:
Բարրեթը Հայաստանում լինելու է առաջին անգամ և ժամանելու է տիկնոջ հետ:
«Intel ընկերությունն իր ազդեցությունն ունեցել է ամբողջ մարդկության կենսակերպի վրա, և Հայաստանի նախագահի կողմից հիմնադրված այս մրցանակի նպատակն է ճանաչել համաշխարհային մասշտաբով ներդրում ունեցող անհատի ներդրումը և այդպիսով կապել Հայաստանը նման հեղինակավոր անձի անվան և ոլորտում ճանաչելի ընկերության հետ», -նշեց Մարկոսյանը:
Բարրեթից բացի, ՏՏ ոլորտի այլ մասնագետներ էլ են ժամանելու Հայաստան: Ինչպես Մարկոսյանը տեղեկացրեց, ժամանելու է մասնավորապես Cisco systems-ի թուրք փոխնախագահ Քաան Թերզիօղլուն (Kaan Terzioglu), Ինթել ընկերության փոխնախագահ Ջոն Դեվիդսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա