Գիտաշխատող. «Գիտության ոլորտում մեծ խնդիր է ֆինանսավորման ճիշտ կազմակերպումը»
«Այն գումարները, որոնք այսօր տրամադրվում են գիտության ոլորտին, շատ քիչ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և հավելեց, որ «այս պայմաններում մտածել, որ գիտության ոլորտում կունենանք առաջընթաց, կարծում եմ, որ հնարավոր չէ»:
Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սասուն Գևորգյանի խոսքերով, այսօր գիտության ոլորտում առաջընթաց չկա: «Մեզ մոտ համոզված են, որ հիմնարար գիտությունները պետք է ֆինանսավորի պետությունը, սակայն դա այդքան էլ ընդունելի չէ: Ամբողջ աշխարհում հիմնարար գիտությունները ֆինանսավորում են տարբեր աղբյուրներից: Այն, որ Հայաստանում հիմնարար գիտությունները չեն ֆինանսավորվում տարբեր աղբյուրներից, դրա պատճառն այն է, որ աշխատանքները սխալ են կազմակերպվել: Այսօր էլ գիտության ոլորտում մեծ խնդիր է ֆինանսավորման ճիշտ կազմակերպումը»,- ասաց նա:
Ըստ նրա` Հայաստանում ճիշտ չի գնահատվում գիտության վիճակը: «Հայաստանում գիտության ոլորտը անկազմակերպ է բազում ուղղություներով, դրա համար էլ գիտության վիճակը բավականին տխուր է»,- ասաց նա:
Ըստ նրա` այսօր գիտության ոլորտում պետք է ընտրել գերակա համարվող ուղղությունները և ֆինանսավորել դրանք: «Սակայն այսօր գիտության զարգացման ռազմավարության մեջ գերակա են համարվում գիտության բոլոր ուղղությունները: Սակայն այդքան էլ գումար չկա, որ բոլոր ուղղությունները ֆինանսավորեն, այս դեպքում ի՞նչ պետք է անենք»,- հարցրեց նա:
Արտակ Դավթյանն էլ համաձայնեց, որ պետք է ընտրվեն և զարգացվեն հիմնական գերակա ուղղությունները:
Հարցին, արդյոք շատ երկար չի ձգձգվու՞մ այդ գերակա ուղղությունների ընտրությունը, Ա. Դավթյանը պատասխանեց, որ, իսկապես, գործընթացը ձգձգվում է: «Սակայն, եթե մենք ընտրում ենք գերակա ուղղությունները, ապա այստեղ հարց է առաջանում` մյուս ուղղությունների հետ ի՞նչպես պետք է վարվենք»,- ասաց նա:
Սասուն Գևորգյանի խոսքերով, այսօր կա ևս մեկ խնդիր` գիտությամբ այսօր զբաղվում են, հիմնականում, թոշակառուները: Ըստ նրա` պետք է երիտասարդ գիտնականներին խրախուսել և քաջալերել գիտությամբ զբաղվելու համար: