«Արաննյուզ.իռ». Ադրբեջանն իր վայրագ հակահայկական քարոզչության հետևանքով հայերին ենթարկել է ցեղասպանության
Իրանական «արաննյուզ.իռ» կայքը հրապարակել է Արեֆ Մոհամմադզադեի ծավալուն վերլուծական հոդվածը` նվիրված Լեռնային Ղարաբաղի պատմությանը, հակամարտության ծագմանը, ներկա բանակցային գործընթացին:
Հոդվածի մեջ, մասնավորպես, նշվում է.
«Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության մեծամասնությունը հայեր են եղել, 1918թ. Կովկասյան 3 հանրապետությունների ստեղծման ժամանակ Հայաստանի մի մասն է կազմել: Հետագայում Խորհրդային միության տարիներին Ստալինի հրամանով այն միացվում է Ադրբեջանի Հանրապետությանը, որի պատճառով Կովկասում հայերի և ազերիների միջև սկիզբ է դրվում լուռ հակամարտության»:
«Ադրբեջանն արդեն 8 տարի է, ինչ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մշտապես սպառնում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, և ինչպես իր հայրը, ղարաբաղյան հակամարտությունը ծառայեցնում է իր իշխանության շարունակականությունն ապահովելուն: Երբ Բաքվի պետական պաշտոնյաներն ամբողջովին թաղված են կաշառակերության և անբարոյականության մեջ, երկիրը կանգնած է ներքին և արտաքին լուրջ խնդիրների առջև, Իլհամ Ալիևին երբեք չի հաջողվի դա իրականացնել»:
«Ադրբեջանի Հանրապետությունն իր ստեղծման օրվանից հայերի նկատմամբ իրականացրել է վայրագ քարոզչություն` ինչի արդյուքում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել և այսքանից հետո, հայերն ինչպես կարող են երբևէ ապրել Ադրբեջանի կազմում»,- նկատում է հոդվածագիրը:
Վերջինս, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ներկա քաղաքական իրավիճակին, նշում է. «Լեռնային Ղարաբաղը վերջին տարիներին բազմաթիվ քաղաքական ընտրություններ է անցկացրել, որոնց մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից, Ռուսաստանից ,Ֆրանսիայից, այլ եվրոպական երկրներից, ինչպես նաև Իրանի ոչ կառավարական կազմակերպություններից բազմաթիվ դիտորդներ են ժամանել Ղարաբաղ:
Ներկայացնելով եվրոպական կառույցներում Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը` հեղինակը նշում է.«Այն պարագայում, երբ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչում է Հայաստանը, նախագահների միջև հաճախակի հանդիպումներ են կայանում, ադրբեջանցի լրագրողներ են այցելում Հայաստան, իսկ այլ երկրների քաղաքացիներին, որոնք երբևէ այցելել են Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան, Բաքուն վիզա չի տրամադրում, սա ուղղակի զավեշտալի է»:
«Լեռնային Ղարաբաղը` այդ գեղատեսիլ վայրը, անկախ նրանից ճանաչված է, թե ոչ, յուրաքանչյուր երկրի քաղաքացի իրավունք ունի այցելելու, և այլ երկրի կառավարություն չի կարող մարդկանց զրկել այդ իրավունքից»,- եզրափակում է հոդվածագիրը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան