Ադրբեջանում թմրանյութերի պահանջարկը շարունակում է աճել. թմրամոլների թիվ 300 հազարի է հասնում
Թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանում որևէ միջոցառում չի անցկացվում, իսկ ԶԼՄ-ն այդ թեմայով գրեթե ոչինչ չեն ներկայացնում: Սակայն հայտնի է, որ այն լուրջ հարց է Ադրբեջանի համար: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում մի շարք գերատեսչություններ ու ոչ կառավարական կազմակերպություներ զբաղվում են այդ խնդիրներով, սակայն առկա խնդիրները մնում են չլուծված՝ հարցն առաջին հերթին վերաբերվում է Աֆղանստանից Ռուսաստան և Եվրոպա հերոյինի խմբաքանակի տեղափոխմանը:
Ադրբեջանում լայնորեն օգտագործվող թմրանյութերից են՝ հերոյինը, տարբեր հոգեմեդ դեղերը, կանեփը, հաշիշն ու կոկայինը: Ընդ որում՝ ներքին պահանջարկը շարունակում է աճել: Ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում թմրամոլների թիվը հասնում է 300 հազարի, որոնց մեծամասնությունը հերոյին է օգտագործում:
Ադրբեջանում թմրամոլների 30-35%-ը ուսանողներ են, ընդ որում՝ թմրանյութեր օգտագործող երիտասարդ կանանց թիվը շարունակում է աճել:
Կառավարության տվյալներով, Ադրբեջանով տեղափոխվող թմրանյութերի մեծ մասը արտադրվել է Աֆղանստանում: Թմրամիջոցների տեղափոխման գլխավոր ուղիներն են՝ Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Արևմտյան Եվրոպա, Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, Աֆղանստան-Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Արևմտյան Եվրոպա:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Աֆղանստանում տարեկան 9 հազար տոննա ոփիում տեսակի թմրանյութ է արտադրվում, որը կազմում աշխարհում արտադրվող այդ թմրանյութի 93%-ը: «STRATFOR» ամերիյան կենտրոնի տվյալներով, աֆղանական թմրանյութերի տարանցիկ ուղիների 40%-ն անցնում է Իրանով՝ մուտք գործելով Ադրբեջան և Թուրքիա:
Ադրբեջանում թմրանյութերի շրջանառության մակարդակի աճի հետևանքով հանցագործությունների մակարդակն աճում է: Միայն 2009 թվականին, պաշտոնական տվյալներով մի քանի տոննա թմրամիջոց է հայտնաբերվել: Ադրբեջանում վերջին տարիների միտումները և թմրամիջոցների դեմ պայքարի թույլ միջոցները հիմք են տալիս կանխատեսելու, որ հետագայում ևս թմրանյութերի տարածումն ու օգտագործումն աճել են արձանագրելու: