Վարչապետն ընդունել է Քրեյգ Բարրեթին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթին: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհավորել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակ ստանալու առթիվ:
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է արվել «World Ahead» ծրագրի շրջանակներում ծավալված համագործակցության ընթացքին: Ծրագրով նախատեսվում է դպրոցների համակարգչային հագեցվածության ապահովում և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրականացում:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է «Ինտել» կորպորացիայի հետ համատեղ գիտահետազոտական կենտրոնի ստեղծման կարևորությունը, ինչը ողջունել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահը:
Խոսելով «Արմթեք-2009» համաժողովի շրջանակներում Սիլիկոնային հովիտ կատարած այցի մասին` կառավարության ղեկավարն անդրադարձել է վենչուրային հիմնադրամների գործունեությանը և կարևորել «Ինտել» կորպորացիայի փորձի կիրառումը Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման գործում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ կառավարության հավանությանն արժանացած էլեկտրոնային հասարակության հայեցակարգի վերաբերյալ: Վարչապետը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ գործող Էլեկտրոնային կառավարման խորհրդին կից գործում է Խորհրդատու մարմին և հրավիրել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին` մասնակցելու դրա աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա