Շարմազանով. Նախագահների հայտարարությունում նշված քայլերի հաջորդականության հետ կապված հարցականներ կան
ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության մեջ Հանրապետական կուսակցության համար հարցականներ կան, կապված հայտարարությունում նշված քայլերի հաջորդականության հետ:
Այսօրվա ասուլիսում արտահայտելով Հանրապետական կուսակցության տեսակետը` այս մասին հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը: Ներկայացնելով իրենց դիրքորոշումը, Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, որ կուսակցության համար խնդրի անկյունաքարը ԼՂ կարգավիճակի հարցն է, մյուս բոլոր հարցերը ածանցյալ են: Նա նախագահների հայտարարությունում կարևորեց ԼՂ ու Հայաստանի միջև ցամաքային կապի, ժողովրդի ազատ կամարտահայտության ու կարգավիճակի վերաբերյալ կետերը:
«Մենք հեռու ենք այն մտքից, որ նախագահների հայտարարության բոլոր կետերը մեզ համար ընդունելի են: Իհարկե, ոչ: Ավելին այնտեղ հարցականներ կան` կապվածշ քայլերի հաջորդականության հետ»,-ասաց հանրապետական պատգամավորը, ապա հիշեցրեց, որ երկրի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ առաջնայինը ԼՂ կարգավիճակի հարցն է, ուստի առաջին հերթին պետք է վերացնել պատճառները, ոչ թե հետևանքները: Դա անհրաժեշտ պայման է երկարատև խաղաղության ու կայունության համար:
«Մենք դեմ չենք փախստականների վերադարձին, բայց փախստականները չեն կարող վերադառնալ մի երկիր, որը կարգավիճակ չունի, որը ճանաչված չէ»,-ՀՀ նախագահի խոսքերը մեջբերեց կուսակից պատգամավորը, ավելացնելով, որ բոլորն ի վերջո պետք է հասկանան, որ ԼՂ-ն ոչ պակաս կայացած ու ժողովրդավար է, քան ասենք Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսեթիան, իսկ Ադրբեջանին ԼՂ-ն կարող է օժանդակել` նրան ժողովրդավարության դասեր տալով:
Նա ևս մեկ անգամ բարձրաձայնեց Հայաստանի դիրքորոշումը, որ ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր է: «Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղը անկախ, ժողովրդավարական, ինքնուրույն, շատ նորմալ զարգացող պետություն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հայտարարության մեջ «օկուպացված տարածքների վերադարձման» արտահայտությանը, ապա Շարմազանովն ասաց, որ «եթե նրանք ի նկատի են ունեցել Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանը, Մարտակերտի մի մասը, Մարտունաշենն ու Գետաշենը, իհարկե դրանք օկուպացված տարածքներ են, այլ օկուպացված տարածքներ չկան»: