Freedom House. Հայաստանի ցուցանիշները չեն փոփոխվել, Ադրբեջանում էլ անկումը մեծ է
Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը անցումային փուլում գտնվող երկրների ժողովրդավարացման վերաբերյալ: Զեկույցում անդրադարձ է արվում եվրասիական 29 նախկին կոմունիստական պետություններում, այդ թվում և Հայաստանում, տիրող իրավիճակին:
Կազմակերպության ընդհանուր գնահատականի համաձայն, այդ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարական գործընթացների առումով իրավիճակը գնալով վատթարանում է, իսկ ամենավատ ցուցանիշները գրանցել է Ռուսաստանը:
Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում հատկապես 10 երկրներում մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ, որոնցից կեսը ԵՄ նոր անդամներ են, իսկ ընդհանուր առմամբ 29 երկրներից 14-ում ազատությունների գրեթե բոլոր ցուցանիշներն անկում են ապրել:
Նշենք, որ ըստ զեկույցի, նախորդ տարվա համեմատ Հայաստանի ցուցանիշներում փոփոխություն չի գրանցվել, այն կրկին «կիսավտորիտար» պետությունների թվին է դասվում:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ նախկին ԽՍՀՄ երկրներից ժողովրդավարության ամենամեծ անկումը Ռուսաստանից հետո արձանագրվել է Ղազախստանում և Ադրբեջանում։