Մանկապարտեզների տնօրենների հետ մեկ տարով են պայմանագրերը կնքվում. Մտահոգվել է Ա. Բախշյանը
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը բազմաթիվ զանգեր է ստանում այն մասին, որ հատկապես համայնքային ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում տնօրենների հետ կնքվում են ժամկետային` մեկ տարով աշխատանքային պայմանագրեր, որն էլ Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է: Այս մասին վկայում են «Ժառանգության» մամուլի ծառայությունից:
Վերոնշյալ խնդրի առնչությամբ այսօր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ աշխատանքային տեսչության պետին, որով խնդրել է խախտումները հայտնաբերելու նպատակով իրականացնել ստուգումներ` մասնավորապես Երևանում, որտեղ գտնվող մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով կնքվող պայմանագրերի մասին ունի ստույգ տեղեկություն:
Անահիտ Բախշյանը նամակներ է ուղարկել նաև ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին ՀՀ 2009, 2010 թվականների պետական բյուջեով հատուկ կրթություն իրականացնելու նպատակով մարզերին հատկացված գումարների վերաբերյալ:
«Խնդրում եմ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե`
. մարզի ենթակայության տակ քանի՞ հատուկ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է գործել 2009 թվականին և 2010 թվականին, նշել ուղղվածությունն ու աշակերտների թիվը տվյալ դպրոցում 2009, 2010 թվականներին:
. 2009թ.պետական բյուջեով հատուկ կրթության համար փաստացի որքա՞ն գումար է ստացել Ձեր մարզը և ինչպե՞ս է այն բաշխվել ըստ ուսումնական հաստատությունների:
. 2010 թվականի բյուջեով վերոնշյալ նպատակի համար որքա՞ն գումար է հատկացվել մարզին (ըստ դպրոցների)»,-նշված է պատգամավորի նամակներում: