Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցին կվերականգնվի նախագծա-նախահաշվային աշխատանքները հայկական կողմի հավանությանն արժանանալուց հետո
Թբիլիսիի Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային աշխատանքներն արդեն սկսվել են ու շարունակվելու են մինչև տարեվերջ, իսկ հաջորդ տարի արդեն կսկսվեն վերականգնման աշխատանքները: Այս մասին Panorama.am-ին ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի պետական բյուջեից 50.000 վրացական լարի կամ 26790 ԱՄՆ դոլար է տրամադրվել մշակույթի հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությանը` Թբիլիսիի Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար:
Գ. Դուրգարյանն ասաց, որ հայ մասնագետները խորհրդատվության կարգով կմասնակցեն նախագծա-նախահաշվային աշխատանքներին: «Երբ այդ աշխատանքներն ավարտվեն, արդյունքները կքննարկվեն Հայաստանի մասնագետների կողմից. Հայաստանի մշակույթի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում պետք է քննարկվի Վրաստանում կատարված նախագած-նախահաշվային աշխատանքները, և հավանության արժանանալուց հետո` 2011 թվականին կսկսվեն եկեղեցու վերականգնման աշխատանքները»,- ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե տեղեկություններ կան, որ վրացական կողմը չի թողնում հայ մասնագետներին մոտենալ եկեղեցու տարածքին, իսկ վրաց մասնագետներն էլ ոչ թե նախագծա-նախահաշվային աշխատանքներ են տանում, այլ ընդհակառակը` քանդում են եկեղեցու հիմքերը, ապացուցելու, որ եկեղեցին ունի կամ վրացական արմատներ, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1356 թ., վերակառուցվել է 1756 թ., իսկ 1852-93 թթ. մասնակի նորոգվել է: Այն կառուցված է թրծած աղյուսից, կրաշաղախով ներսից սվաղված է: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եկեղեցին չի գործել: Այնտեղ մինչև 1980-ական թթ. վերջը գործել է ազգագրության թանգարանը, որը տեղափոխվել է կառույցում ճաքերի առաջացման պատճառով: 1990-ական թթ. սկզբից կառույցը համարվել է վթարային և ժամանակավոր ամրացման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով, բնական գործոնների ազդեցությունից (բնահողի նստվածք, եղանակային գործոններ, երկրաշարժ և այլն) շարունակվել է քայքայվել, մեծացել են ճաքերը, պատերի որոշ հատվածներ թեքվել են և եկեղեցին 2009 թվականի նոյեմբերի 19-ին փլուզվել է: