Բուհերում փաստաթղթերի ընդունումը երեք խմբի համար մինչև հուլիսի 10-ն է
Հանրապետությունում օտարազգի դիմորդների, արտասահմանյան երկներում ուսումնականան հաստատություններն ավարտած ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ բանակից զորացրված դիմորդների փաստաթղթերը հանրապետության պետական բուհեր ընդունվում են մինչև հուլիսի 10-ը ներառյալ: Նշենք, որ մնացած դիմորդների փաստաթղթերի ընդունումը ավարտվել է հունիսի 1-ին:
Ինչպես տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, բուհական ընդունելության դիմում-հայտերում ըստ մասնագիտությունների հայտագրվում են լեզուների` միայն կենտրոնացված բանավոր քննությունները, ստեղծագործական մրցույթը` Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համար, և ներբուհական քննությունների առարկայացանկը` առանց միասնական քննությունների:
Մնացած առարկաներից դիմորդները մասնակցելու են արդեն միասնական լրացուցիչ քննություններին, այդ թվում` «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Օտար լեզուներ»` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, իտալերեն, պարսկերեն:
Քննական գնահատականների հետ չհամաձայնող դիմորդները կարող են բողոքարկել քննական արդյունքը` արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 09:00-18:00 ընկած ժամանակում, իսկ բողոքարկման արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ միասնական բոլոր քննություններից հետո եռօրյա ժամկետում: