Քաղաքագետ. «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարը` «ադրբեջանցիներին ձեռք մեկնելու և սովորեցնելու մի փորձ է»
««Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարը ոչ թե քարոզչություն է, այլ պարզապես ներկայացնում է փաստեր, ճշմարտություն: Հենց սովորական ադրբեջանցիներին է հարկավոր իմանալ, թե ինչ է կատարվել իրականում, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները, ովքեր հերքում են ճշմարտությունը, կրկին ոճիր են գործում»,- «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի անգլալեզու տարբերակի շնորհանդեսի ժամանակ ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ «Սումգայիթ, փետրվար, 1988» ֆիլմը «Սովորական Ցեղասպանություն» շարքի երկրորդ ֆիլմն է: Առաջինը` «Բաքու, հունվար, 1990» առաջին ֆիլմն է: «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի կողմից: Ֆիլմերը թարգմանվել են տարբեր լեզուներով, տարածվել խտասկավառակների միջոցով, տեղադրվել ինտերնետում:
Ըստ Ռ. Կիրակոսյանի, ականատեսների վկայությունների, փաստաթղթերի հիման վրա նկարահանված փաստագրական այս ֆիլմերը միջազգային հանրությանը ներկայացնում են ճշմարտությունը, իսկ ադրբեջանցիներն էլ ֆիլմերի միջոցով առերեսվում են իրենց անցյալի հետ` «ադրբեջանցիներին ձեռք մեկնելու և սովորեցնելու մի փորձ է»: «Սրանք հակադրբեջանակ ֆիլմեր չեն, այլ ներկայացնում են մարդկության դեմ իրագործված ոճիրը: Պատմական այս իրադարձություններն այնքան ողբերգական են, որ չպետք է թույլ տրվի, որ կրկնվեն: Ֆիլմերը կոչ են միջազգային հանրությունը, որ ազգերի նկատմամբ այսպիսի բռնություններ չպետք է երբեք կրկնվեն»:
Ռ. Կիրակոսյանը ասաց, որ Սումգայիթում, Բաքվում, Կիրովադաբում տեղի ունեցած մարդասպանությունները դեռ շարունակվում են: Որպես ապացույց` նա հիշեցրեց հունիսի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, որին զոհ է գնացել չորս հայ զինվոր, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ ադրբեջանցիները չեն փոխվել: «Այդ իրադարձությունների իրական դրդապատճառներն ամբողջությամբ չեն քննարկվել, չեն վերլուծվել, այսինքն` իրականությունը վեր հանելու գործում քիչ բան է արվել: Այս ֆիլմերը հենց լրացնում են այդ բացը»,- ասաց ՌԱՀՀԿ տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան