«Եվս մեկ քայլ` բիզնեսի և կրթության ոլորտների միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները համալսարանների ուսանողների համար հանդես են եկել մարքեթինգին, հասարակայնության հետ կապերին և բաժանորդների սպասարկմանը վերաբերող դասախոսություններով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայաստանցի ուսանողների հերթական խումբն ավարտել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցը: Չորս օր շարունակ Հայաստանի բուհերից ընտրված 45 ուսանող մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների կողմից անկացված ինտենսիվ գործնական դասընթացին: Այս մասին տեղեկացանք ՎիվաՍել-ՄՏՍ ձեռնարկությունից:
Ինտերակտիվ ձևաչափով անցնած դասախոսությունների ընթացքում արծարծվող թեմաները ներկայացվել են հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձից վերցված օրինակներով: Իսկ հուլիսի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին շնորհել է դասընթացի ավարտական վկայականներ:
Դասընթացի ժամանակ անդրադարձ է կատարվել մարքեթինգի, մարքեթինգային հետազոտությունների, կանխավճարային և հետվճարային ծառայությունների մշակման, բաժանորդների սպասարկման, հասարակայնության հետ կապերի, մասնավորապես կորպորատիվ հաղորդակցության ոլորտներին, դրանց հիմունքներին և կիրառման նորարարական մեթոդներին: Ծառայությունների մշակման դասախոսությունը հիմնված էր մեկ օր առաջ, տարբեր մեթոդների կիրառմամբ` ուսանողների անցկացրած հետազոտության արդյունքների վրա: ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարքեթինգի մասնագետների օգնությամբ ուսանողները մշակել են սակագնային պլաններ և ծանոթացել են բաժանորդներին սպասարկելու կազմակերպման մոտեցումներին:
«Հաջողակ բիզնեսի ուժը կառավարման հմտության մեջ է, որն առաջնորդելու հարցում պետք է լինի բավականաչափ ուժեղ, իսկ ուսուցանելու և ուղղորդելու համար` նույնքան ճկուն: Մեր պատասխանատվությունն աճող սերնդի հանդեպ ակնհայտ է. մենք, մեր փորձից ելնելով, պետք է աջակցենք նրանց ակադեմիական մակարդակում ձեռք բերված գիտելիքները գործնականի հետ համադրելու և երաշխավորված ապագա ունենալու հարցում» ,-հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի և Կարիերայի զարգացման ծրագրի հիմնական գաղափարը Հայաստանի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտին աջակցելն է` տեսական գիտելիքները գործնական օրինակներով համալրելու հարցում: Դրա շնորհիվ կլրացվի կոմերցիոն, ինչպես նաև այլ գիտակարգերի դասավանդման առումով առկա բացը: Հայաստանի գործատուներն ունեն բարձր որակավորմամբ այնպիսի աշխատողների կարիք, ովքեր տիրապետում են բիզնես հմտությունների` ձեռնարկությունների աշխատանքը համապատասխան ոլորտներում արդյունավետ կազմակերպելու հարցում: Ապագայում` Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումն ակնկալելուն զուգահեռ, ընկերությունները կարիք կունենան ավելի մեծ թվով երիտասարդ մասնագետների, ովքեր կլինեն առավել հմուտ, կկարողանան նպաստել երկրի զարգացմանը և կլինեն բիզնես ոլորտի ապագա առաջնորդներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատասխանատվություն է զգում երիտասարդ մասնագետների պատրաստման գործում:
«Երեք տարի շարունակ ես` որպես հրավիրյալ դասախոս, բանախոսում եմ Երևանի և մարզերի համալսարաններում և սփյուռքի կրթահամալիրներում` ուսանողությանը և դասախոսներին ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթը և հաջողությունները, որոնք զգալիորեն պայմանավորված են նվիրված աշխատողների թիմ ունենալով: Եվ ես շատ ուրախ եմ, որ մեր ընկերության Կոմերցիոն վարչության մասնագետները հերթական լուրջ քայլն արեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ: Դրանով իսկ նրանք իրենց մասնակցությունն ունեն բիզնեսի և կրթության ոլորտների համագործակցության խորացման գործում»,-ավելացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Կարիերայի զարգացման ծրագրի և գիտա-կրթական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման նախաձեռնության շրջանակներում, Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և երեք համալսարանների` Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի, Միջազգային տնտեսական հարաբերությունների համալսարանի և Մովսես Խորենացու անվան համալսարանի, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի միջև` ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և նշված հաստատությունների ղեկավարների և ներկայացուցիչների միջև: