Ալավերդյան. Օրենքների փոփոխությունները բերում են իրավունքների ոտնահարման
«Եթե մենք այս Սահմանդրության մեջ ունեցած կետերը կարողանայինք ազնիվ կատարել ու հետևել դրանց, մենք կլինեինք շատ ավելի առաջ մեր զարգացման մեջ, քան այսօր ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ, Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա գնահատմամբ, Սահմանդրության ու օրենքերի փոփոխությունները բերում են իրավունքների ոտնահարման: «Դա վատ տենդենց է, ստացվում է` տառը պահպանվում է, ոգին հանվում է»,-ասաց Ալավերդյանը, միաժամանակ հիշեցնելով, որ միջազգային իրավունքն ասում է, պետք է ընդունել այնպիսի օրենքներ, որոնք ընդլայնում են իրավունքներն ու ազատությունները:
Ըստ նրա, հիմա մեր օրենքն ու օրենսդրությունը, անգամ Սահմանդրության մեկնաբանությունները բերում են նրան, որ օրեցօր ընդլայնում են պետական մարմինների ու պաշտոնյանների հնարավորությունները` սահմանափակելով մարդու իրավունքները, մինչդեռ պետք է հակառակը լիներ ու դա ամրագրված է նաև Սահմանդրությամբ:
«Դեռ չիմացած ժողովրդավարության ու մարդու իրավունքների իրական համը, սկսում են քննարկել, արդյոք դա չի՞ հակասի ազգայինին: Ես ուզում եմ իմանալ, արդյոք հակաօրինականությունն ու հակասոցիալական են մեր ճանապարհը, Այդ ինչ հոգկերտվածք է, որ կարող է դեմ լինել իրավական պետության կառուցմանը»,-զարմանք ու մտահոգություն հայտնեց Ալավերդյանը, ավելացնելով, որ դրսի ասված խոսքը ավելի է ազդում մեր իշխանությունների վրա, քան ներսինը: «Իսկ դա խոսում է մեր հետամնացության ու գավառականության մասին»,-ասաց նա: