Այսօր մեկնարկել են միասնական լրացուցիչ քննությունները
Այսօր մեկնարկել են պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննությունները: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել «ֆիզիկա» առարկայից: Գնահատման և թեստավորման կենտրոն «ֆիզիկա» առարկայից միասնական լրացուցիչ քննություն հանձնելու համար դիմում-հայտ է ներկայացրել 208 դիմորդ:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ «ֆիզիկա» առարկայի միասնական քննությունն անցկացնելու համար Հայաստանում և ԼՂՀ-ում ձևավորվել է մեկական կենտրոն: Նա նշեց, որ Հայաստանում այսօր քննությունից բացակայել է 2 դիմորդ:
Նրա խոսքերով, թեստերի հեղինակներին հանձնարարվել է, որ միասնական լրացուցիչ քննությունների թեստերը համարժեք լինեն միասնական քննությունների թեստերին: «Սա առաջին տարին չէ, որ կազմակերպվում են միասնական լրացուցիչ քննություններ, և յուրքանչյուր տարի էլ այս քննությունների թեստերը համարժեք են լինում միասնական քննությունների թեստերին»,- հավելեց նա: Գուրգեն Խաչատրյանը հայտնեց, որ միասնական լրացուցիչ քննությունների թեստերի հեղինակները չեն փոխվել, բոլորը միասնական քննությունների թեստերի հեղինակներն են:
Այն հարցին, թե հնարավոր է, որ միասնական լրացուցիչ քննությունների գնահատականներն ավելի բարձր լինեն, քան միասնական քննությունների գնահատականներ են, Գ. Խաչատրյանը պատասխանեց, որ ինչպես տարիների փորձն է ցույց տալիս, միասնական լրացուցիչ քննությունների արդյունքները բոլորովին էլ բարձր չեն լինում հիմնական փուլի արդյունքներից:
Հիշեցնեք, որ պետական ավարտական լրացուցիչ քննություններին մասնակցում են հիմնական փուլում անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները, պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Միասնական լրացուցիչ քննություններին մասնակցում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2010 թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, 2009-2010 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները: