Հայ դատ. Ծիծեռնակաբերդ այցելելով` Քլինթոնը Ամերիկան կբերի ճիշտ ուղու վրա և վերջ կդնի թուրքական մերժողականության այս շրջանին
Հայ հեղափոխական դաշնակցության Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է օգտագործի Քլինթոնի` Հայաստան այցելելու առիթը` Ղարաբաղյան ու հայ-թուրքական արձանագրությունների խնդիրներում իր չհաջողված քաղաքականությունը վերանայելու համար:
«Եթե այս այցը քաղաքականությունը վերանայելու, վերագնահատելու, ավելի դրական ուղղությամբ փոխելու հնարավորություն է, ապա դրական զարգացում է, իսկ եթե պետք է շարունակի վերաամրագրել բացասական ավանդույթները, որին մենք ականատես ենք եղել վերջին 18 ամիսներին, ապա պակաս լավատես ենք այս այցի արդյունքների վերաբերյալ»,- ռադիոկայանին ասել է Համբարյանը:
Նրա կարծիքով, ամենալավ քայլը, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հիմա կարող է անել հայ-թուրքական հարցում ամերիկյան քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ուժեղ հայտարարությամբ հանդես գալն է:
«Այսպիսով` նա Ամերիկան կբերի ճիշտ ուղու վրա և վերջ կդնի թուրքական մերժողականության այս շրջանին: Բայց, եթե չանի դա, կլինի կորսված հնարավորություն»,- ասել է նա: